Տնտեսական

Կարեն Կարապետյանը մեկնել է Շվեյցարիա


ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր  աշխատանքային այցով մեկնել է  Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: 

2009 թվականից հետո  մեր երկիրը տնտեսական այս համաժողովին չէր մասնակցում՝ տարբեր պատճառաբանություններով՝ ֆինանսներ չկան, աշխատանքային գրաֆիկն է ծանրաբեռնված:

Ավելին, անցյալ տարի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կարևորելով համաշխարհային տնտեսական ֆորումը,   հայտարարել էր՝ ներդրումներ ներգրավելու համար Դավոսը միակ հարթակը չէ:

Վերջին անգամ Հայաստանը մասնակցեց Դավոսին 2009 թ-ին՝ ՀՀ նախագահի մակարդակով։ Սերժ Սարգսյանը  հենց այս ֆորումի շրջանակներում հանդիպեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ: Անցյալ տարի նույն այս օրերին, երբ մի  քանի ամիս էր , ինչ ձևավորվել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց՝

«Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, հնարավորություն չեղավ մասնակցել Դավոսի համաժողովին»:

Եվ ահա, մեկ տարի անց մեր երկիրը  մասնակցում է համաշխարհային տնտեսական ֆորումին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Դավոսում է: Այս տարի   ամենամյա տնտեսական ֆորումը կրում է  «Ստեղծելով ընդհանուր ապագա մասնատված աշխարհի համար» խորագիրը։

Նպատակն է՝ վերականգնել միջազգային համագործակցությունը՝ ուղղված գլոբալ մարտահրավերների դիմակայմանը: Ֆորումի շրջանակում նախատեսվում են տարբեր ձեւաչափերի 400-ից ավելի քննարկումներ:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝

«Մեզ անհրաժեշտ է ունենալ հստակ օրակարգ, առանց դրա Դավոսը դառնում է ինքնանպատակ, եւ թանկ դա թանկ հաճույք է»:

Զրուցակիցս  որպես օրինակ Չինաստանն է մատնանշում։ Դավոսի մեկնարկից  հետո ամեն տարի այս երկիրը մասնակցում էր համաժողովին՝ աստիճանաբար կառուցելով զարգացման իր մոդելը:

«Մեզ անհրաժեշտ է ունենալ հստակ թիրախներ»:

Որպես  թիրախներ տնտեսագետը գիտությունն ու գիտատար ոլորտներն է առանձնացնում, նշում է, որ  պետք է տնտեսության զարգացման ազգային մոդելներ ձևավորել: Նախորդ տարիների մասնակցությունը Հայաստանի տնտեսությանը տվե՞ց էական արդյունք, հարցնում եմ Թաթուլ Մանասերյանին:

«Ոչ չի տվել, եւ չէր էլ կարող տալ»:

Ծովի մակերևույթից մոտ 1500մ բարձրության վրա  գտնվող շվեյցարական գյուղաքաղաքում նախկինում հավաքվում էին  թոքախտով հիվանդ եվրոպացի հարուստները՝ թարմ, սառը օդ շնչելու նպատակով: Այս տարի համաժողովի բոլոր համանախագահները կանայք են լինելու՝ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը եւ այլն։

Այսինքն՝ այս տարի նաեւ ֆորումն այսպես ազդարարելու է հաջողակ կանանց մասին։ Իսկ հաջողա՞կ են արդյոք հայ կանայք բիզնեսում: Զրուցակիցս հաջողակ գործարար է մի ոլորտում, որտեղ  միայն տղամարդիկ են ներգրավված ՝ հանքարդյունաբերությունում։ Սիլվա Համբարձումյանի կարծիքով՝
«Մեր երկրում կանայք լուրջ բիզնեսով չեն կարողանում զբաղվել: Նրանք հիմնականում զբաղվում են գեղեցկության սրահներով»:

Գործարարի դիտարկմամբ, մեր երկրում  հնարավոր է բիզնեսով զբաղվել:

« Տղամարդիկ ավելի համառ են,  սակայն, կանայք այս հարցում նրանց չեն զիջում»,- եզրափակում է  գործարար Սիլվա Համբարձումյանը:

Back to top button