ԿարևորՔաղաքական

Ով կտա անհրաշետ 14 ձայնը. ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը՝ ԱԺ ճեպազրույցներում

Ո՞վ, ի՞նչ ռազմավարություն է որդեգրելու մեկ ամսից խորհրդարանում սպասվող ՀՀ նախագահի ընտրություններում:

Երկու հավանական թեկնածու, անհրաժեշտ ձայների սակավություն, անգամ իրարից ձայն «փախցնելու» փորձ կամ ձայներն ավելի շահավետ խոստանալու հեռանկար ու սպասվող հանդիպում-խորհրդարակցություններ. սա է ներկա պատկերը:

Այսօր խորհրդարանում տեղի են ունեցել այս տարվա առաջին ճեպազրույցները:

 

 

Պաշտոնական հանդիպումների շարքը ՀՀ նախագահի ամենահավանական թեկնածու, դեսպան Արմեն Սարգսյանը դեռ չի սկսել: Հավանաբար դրանք կմեկնարկեն փետրվարին, բայց  ոչ պաշտոնական հանդիպման մասին խոստովանում են դաշնակցությունից: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխանցմամբ՝ որեւէ պատճառ չկա, հանրապետականի նախընտրած թեկնածուին անընդունելի համարելու համար:

Հարցի շուրջ առանձնապես երկար մտորելու խնդիր դաշնակցականները չունեն, կարծում են՝ Արմեն Սարգսյանը հանդիպումներից հետո համաձայնություն կտա եւ նրա թեկնածությունը քվեարկության կդրվի ԱԺ-ում: Այնպես որ, Աղվան Վարդանյանը կարծում է՝  կարիք չկա խոսելու այլ հավանական թեկնածուների մասին: Անգամ վիճարկվող հարցը, թե հավանական թեկնածուն մշտապես բնակվել է Հայաստանից հեռու, ներկայացվում է իբրեւ առավելություն:

Եթե դեսպան Արմեն Սարգսյանը համաձայնի ստացած առաջարկին, ապա նրա մրցակիցը կարող է լինել «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը: Ընդդիմադիր այս խմբակցությունն առաջինն էր հայտարարել, որ ունեն նախագահի թեկնածու, բայց առաջադրվելու հարցում նրանք չեն հաջողում:

Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների 1/4-ի ստորագրությունները չի հավաքվում: 27 ստորագրություն հավաքելու հարցում 9 հոգանոց «Ելք» խմբակցությունն ապավինում էր «Ծառուկյան» խմբակցության գործընկերների օգնությանը, բայց նրանք այս փուլում չեզոք դիրք ընդունեցին:

Իրականում, «Ծառուկյան» խմբակցությունը հայտնվել է երկընտրանքի առջեւ՝ պահպանել խիստ ընդդիմադիր կեցվածքը՝ առաջադրելով սեփական թեկնածուին կամ աջակցելով խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությանը, թե՞ օգնության ձեռք մեկնել խորհրդարանական մեծամասնությանը:

Հանրապետության նախագահի ընտրությունները առաջին փուլով խորհրդարանում ավարտելու համար անհրաժեշտ է նվազագույնը 79 կողմ ձայն: Իշխող կոալիցիոն գործընկերները՝ հանրապետականն ու դաշնակցությունը խորհրդարանում ունեն 65 պատգամավոր: Դեռեւս հարց է, թե ինչպես է լուծվելու մնացած 14 ձայնի հարցը: Ով, ում կհամոզի՝ դեռ պարզ չէ, բայց «Ելք»-ից պատգամավոր Արարատ Միրզոյանը արդեն հիմա «գաղտնազերծում» է, թե որտեղից է ապահովվելու անհրաժեշտ 14 ձայնը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից»:

Թեեւ դեմ են քվեարկելու, բայց Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու պատրաստ են՝ ասում են «Ելք»-ում: Ոչ թե հանրապետականի թեկնածուն է իրենց համոզելու, այլ իրենք են փորձելու համոզել, ասում է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Մեր թեկնածուն ավելի գերադասելի է Արմեն Սարգսյանից»:

Համաձա՞յն են արդյոք հանրապետականները խորհրդարանում երկրի նախագահի մրցակցային ընտրություններին. հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ելք»-ի գործընկերներին հրավիրում է իրենց մոտ՝ հարցի պատասխանն իմանալու համար:

Ստեղծված իրավիճակում ամենահետաքրքիրը եւ առանցքայինը թերեւս «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է:  Ինչպես կտնօրինեն իրենց ձայները «ծառուկյանականները»՝ հարցը մնում է առկախված: Նախ հանդիպումները եւ քննարկումները դեռ չեն եղել, երկրորդն էլ՝ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները չցանկացան այսօր շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Back to top button