Տիկնիկների պատկերասրահն այսօրվանից նոր հասցե ունի


2017-ի մարտից Երևանի՝ Աբովյան 1/1 հասցեում գործող Տիկնիկների պատկերասրահն ունի նոր հասցե: Թումանյան 11 հասցեում փոքրիկ այցելուների առջև Պատկերասրահն իր դռները կբացի հունվարի 22-ից: Նոր հասցեում՝ նոր գաղափարներով. առաջիկա ծրագրերի թվում անդրադարձն է հայկական մոռացված ծեսերին, ծիսական տիկնիկների ստեղծման պատմությանը:
Երեխաների այցելության համար այս տարածքն անհամեմատ հարմար է, իսկ ներքին միջավայրն՝ ավելի տրամադրող` ասում է Երևանի Աբովյան 1/1 հասցեից Թումանյան 11 տեղափոխված Տիկնիկների պատկերասրահի տնօրեն Ստելլա Սարգսյանը: Նոր հասցեում Պատկերասրահն իր դռներն այցելուների առջև կբացի հունվարի 22-ից:
«Այս տարածքում ունենք չորս սրահ՝ հայկական ծիսական տիկնիկների, եվրոպական տիկնիկների (Ալիս Նավասարգյանի հավաքածուն), հուշանվերային տիկնիկների, որտեղ ժամանակի ընթացքում կստեղծվի նաև Փարաջանովի անկյունը: Չորրորդ սրահը ներքնահարկում է, որտեղ կգործի մեր մանկական կենտրոնը»,- ասում է տնօրենը։
Նշված մանկական կենտրոնում անցկացվելու են վարպետության եռամսյա դասընթացներ հայտնի տիկնիկագործների մասնակցությամբ: Տիկնիկագործության գաղտնիքներին կարող են ծանոթանալ յոթ տարեկանից բարձր բոլոր ցանկացողները: Տնօրենի խոսքով, Պատկերասրահի մանկական կենտրոնը նաև հրաշալի ժամանցային վայր է, որտեղ երեխաներն անցկացնում են մի քանի ժամ, իսկ այնտեղից հեռանում իրենց ձեռքով պատրաստած տիկնիկներով, տիկնիկներով պատկերազարդ շապիկներով:
Նոր հասցեում՝ նոր գաղափարներով. առաջիկա ծրագրերի թվում անդրադարձն է հայկական մոռացված ծեսերին, ծիսական տիկնիկների ստեղծման պատմությանը: «Ամեն ինչ կփորձենք ներկայացնել խաղի միջոցով, որպեսզի երեխայի մեջ տպավորվի տեսածը: Այժմ աշխատանք ենք տանում, որպեսզի ներկայացնենք ոչ միայն հայկական, այլև ուրիշ երկրների ազգային ծեսերն ու տիկնիկները: Այդ ուղղությամբ մենք փորձեցինք համագործակցել Հայաստանում Չինաստանի դեսպանատան հետ, բայց Պատկերսարահի նախկին տարածքը թույլ չտվեց իրականացնել մեր գաղափարը: Հուսամ, որ նոր հասցեն նոր հնարավորություններ կստեղծի»,- նշում է Ստելլա Սարգսյանը:
Գործունեության կարճ ժամանակահատվածում Տիկնիկների պատկերասրահը հասցրեց դառնալ մայրաքաղաքի մշակութային «գայթակղիչ» հասցեներից մեկը: Նախկին փոքրիկ տարածքում, ըստ տնօրենի, այցելուների խնդիր չեն ունեցել: «Հետաքրքրությունը շատ մեծ էր: Մարդիկ անընդհատ գալիս էին: Մեծ հոսք կա նաև մարզերից: Երեխաները գալիս էին դասարաններով: Այցելուների՝ մեր ֆեյսբուքյան էջում թողած գրառումները ևս փաստում են, որ Պատկերասրահն իսկապես սիրելի անկյուն էր դարձել: Մեր գործունեության մի քանի ամիսների դադարի ընթացքում անընդհատ հեռախոսազանգեր ենք ունեցել: Մարդկանց հետաքրքրությունը վստահություն է ներշնչում, որ գաղափարը հաջողված է»:
Թումանյան փողոցում առաջիկայում կհայտնվի Տիկնիկների պատկերասրահի նոր հասցեն «հուշող» ցուցանակ: Մուտքի անմիջական հարևանությամբ «հուշաշարի» առաքելությունն իրականացնում է ծաղրածուի ուրախ քանդակը:
Պատկերասրահը կաշխատի 11:00-ից մինչև ժամը 20-ը (ամռանը՝ մինչև 22:00-ն)՝ առանց հանգստյան օրերի: Ուրբաթ օրերին՝ երեկոյան 19:00-ից հետո, Տիկնիկների պատկերասրահի փոքրիկ այցելուները նաև թատերական ներկայացում դիտելու, ավելին՝ դրանց մասնակցելու հնարավորություն կունենան: