Հասարակություն

 Խաղաղությունը՝ երազանք

                               

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում երազում են խաղաղ պայմաններում ապրելու և արարելու մասին: Գյուղի տների մեծ մասը նայում է հակառակորդի դիրքերին: Այդ հատվածներում երեկոյան լույս չեն վառում: Բնակչյության ապահով պատսպարման նպատակով որոշակիորեն օգնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Գյուղացիները հույս ունեն, որ մի օր էլ իրենց մոտ աշխատատեղ կստեղծվի ու երիտասարդները կմնան գյուղում:

,,Գյուղում եթե կրակոցներ չլինեն, խաղաղություն լինի, մարդիկ հող կմշակեն ու կապրեն,,- սա պառավաքարցիների  բարձրաձայն մտորումներից է: Հող մշակելը հարաբերական է ասված: Հակառակորդի դիրքերի դեմ-դիմաց ու աչքի տակ դժվար է հանդ գնալ ու գյուղատնտեսությամբ կամ անասնապահությամբ զբաղվել: Պառավաքարում հիմնականում խաղողի այգիներ են: Եթե բերքահավաքին կամ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ մարդկային կորուստ չեն ունենում՝ փառք են տալիս աստծուն:

Այս խոսքերը հաճախ են հնչում սահմանամերձ համայնքների բնակիչների շուրթերից: Թերեզա Խաչատրյանը նրանցից մեկն է, ասում է, եթե կրակոց չի լինում՝ պահմտոցի խաղալով են այգին մշակում, իսկ կրակոցի ժամանակ տանից դուրս չեն գալիս: ,, Անցած աշնանը շատ էինք ուրախացել, որ բերքահավաքի ժամանակ չկրակեցին ու զոհ չունեցանք: Ամեն տարի զոհ ենք ունենում,,:


2 տարի առաջ իր տնամերձ այգում զոհվել էր Պայծառ Աղաջանյանը:   Նրա հարազատներից Մարինե Խաչատրյան  պատմում է,  որ իրենք իրենց տան մեջ հրաշքով են փրկվել: Թշնամու գնդակը տան միջով է անցել ու խրվել պատի մեջ:


Կրակել են հյուրասենյակի վրա, որի մի մի կողմն  ամբողջվությամբ պատուհան է: Պատշգամբ-հյուսրասենյակում  միայն ցերեկային ժամերին են լինում: Եթե երեկոյան լույս է վառվում, ապա կրակում են: Ննջասենյակի լույսն ավելի թույլ է և երեկոն անցկացնում են այնտեղ: “Կխնդրեի, որ այս երկար  պատուհանները փոքրացնեն, պատեր կառուցեն, որ կարողանանք այս սենյակն օգտագործել”:


Մարինե Խաչատրյանի ամուսինը Արշակ Աղաջանյանը խնդրով դիմել է կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը: Վերջինս սահմանամերձ համայնքներում բնակիչների անվտանգության նպատակով պաշտպանիչ պատեր ու ապահով սենյակներ է կառուցում:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պաշտպանական և տնտեսական ապահովության բաժնի աշխատակից Արմեն Քարամյանը  տեղեկացրեց, որ խնդիրներին ծանոթանում են տեղում և համապատասխան լուծում տալիս:

Արմեն Քարամյանը նշեց նաև, որ սահմանամերձ համայնքերի  բնակիչներից շատերը  իրենց տան բակերում խնդրել են պաշտպանիչ մեծ պատեր կառուցել: Իրենց նպատակը բնակչության ապահով պատսպարումն է:


Լեռների մեջ ծվարած Պառավաքարում մարդիկ ապրում են վախով, երազում   խաղաղության մասին: Սիրում են իրենց գյուղը, մտածում, որ մի օր էլ իրենց մոտ աշխատատեղեր կբացվեն և երիտասարդները չեն հեռանա:

Back to top button