Հասարակություն

11 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը


«1.5 մլն +1».
մեկ, բայց Թուրքիայում հայկական հարցի նկատմամբ մթնոլորտ ձեւավորող եւ իշխանություններին վախ ներշնչող Հրանտ Դինք:

Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս հարգված եւ սիրված մտավորականը մշտապես ընդգծել է Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտության մասին, խոսել խոսքի ազատության, Թուրքիայում մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին:

Նա հայերի ու թուրքերի միջեւ շատ կարեւոր քարոզիչ էր եւ հավատում էր, որ հայ համայնքը հնարավորություն կունենա Թուրքիայում ապրել ազատ եւ չենթարկվել ճնշումների:

Թուրքիայի և համայն աշխարհի հայությունն արդեն 11-րդ անգամ հունվարի 19-ին նշում է պոլսահայ լրագրող, Ստամբուլի «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցը: Անավարտ գործ, որն այսօր փորձում են շարունակել ակոսցիները: Հասմիկ Մարտիրոսյանն է զրուցել ներկա եւ նախկին ակօսցիների հետ:

 

 

Ստամբուլահայ մտավորական Տիրան Լոքմագյոզյանը Հրանտ Դինքի հետ ճանապարհ է անցել «Ակօս» պարբերականի հիմանադրման օրվանից եւ իր գործունեությունը թերթի հետ կարելի է ասել դադարեցրել՝ Հրանտի սպանությունից հետո: Վերջին 11 տարիներն առանց գրչակից եւ գաղափարակից ընկերոջ Տիրան Լոքմագյոզյանի համար դժվար է։ Ինչո՞ւ հարցն էլ միանգամից կանխելով, աչքերը գետնին սեւեռելով թվարկում է ավագ ընկերոջ արժանիքները. Հրանտն անվախ էր, Հրանտը մեծ ուժ էր, Հրանտը կարող մարդ էր, հարգված էր, վախին դեմ հանդիման կանգնող մտավորական էր:

«Հրանտի ժամանակ, հատկապես երիտասարդության շրջանում։ կային մարդիկ, որոնք Հրանտի հետ քայլում էին: Եվ ինձ թվում էր, որ սա մի շարժում է, որ առաջ է գնում, եւ ամբողջ համայանքը ոտքի է, ու  քայլում է Հրանտի հետ միասին: Սակայն մահից հետո տեսանք, որ առաջ տանողը Հրանտն էր: Թուրքիայի դեմոկրատ ուժերը համախմբված էին նրա շուրջը: Եղավ ժամանակ, որ Հրանտը ցանկանում էր հեռանալ Թուրքիայից, իրեն մեղադրում էին թրքությունը վիրավորելու մեջ, որն իր համար շատ վիրավորական մեղադրանք էր: Իր թուրք, դեմոկրատ ընկերները խնդրեցին, հոդվածներ գրեցին, թե Հրանտ մի գնա, մեզ մենակ մի թող, սակայն  Հրանտը վերջում իր մահի մեջ մենակ մնաց»:

Տիրան Լոքմագյոզյանը մասնավոր զրույցի ընթացքում ցավով եւ թաց աչքերով պատմեց, թե որ հրապարակումը դարձավ թիրախ, եւ Հրանտ Դինքի կյանքի գարունները դադարեցնելու որոշման պատճառ դարձավ: Անգամ սպանությունից մեկ շաբաթ առաջ «Ինչո՞ւ դարձա թիրախ» իր հոդվածում Հրանտ Դինքը նկարագրում է Ազգային հետախուզական ծառայության տեսադաշտում իր հայտնվելու պատճառը: 2004 թ-ի փետրվարի 4-ին Դինքը հրապարակած հոդվածում ասում է, որ իրեն կանչել են Ստամբուլի նահանգապետարան եւ փոխնահանգապետի ներկայությամբ նախազգուշացրել։

Պատճառը եղել է Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոքչենի հայկական ծագման մասին Դինքի եւ Լոքմագյոզյանի համատեղ հոդվածը, որի համաձայն Աթաթուրքի հոգեուստրը հայ որբ է, եւ նրա իսկական անունը Խաթուն Սեբիլջյան է: Լոքմագյոզյանը ցավով ասում է, որ Գյոքչենի մասին ինֆորմացիան, երբ որ Հայաստանից ուղարկեց Դինքին, մի քանի խմբագրումներ արեց, եւ երկու համահեղինակների անունները գրելով հրապարակեց: Երանի իր անունը չլիներ, քանի որ այդ հոդվածը թիրախ դարձավ նրա կյանքի համար՝ ասում է Լոքմագյոզյանը եւ շարունակում, ինձ մի տեղ կբեռնեին կծեծին կվերջանար կգնար, բայց Հրանտը իշխանությունների համար դարձավ վտանգ՝ մեծատառով:

«Հրանտը ավելի մեծ խնդիրներ էր առաջ տանում, որը մենք չենք կարող պատկերացնել անգամ, եւ իրեն ոչնչացրեցին: Այնքան վտանգավոր էր, որ որոշեցին միանգամից վերացնել»:   

Դինքի հիմնադրած «Ակոս» պարբերականի գխավոր խմբագիր Էդվարդ Դանձիկյանը հետադարձ հայացք է գցում անցած 11 տարիներին ու ամփոփելով՝ թե ինչ փոխվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում՝ «Ռադիոլուրին» պատասխանում. «կրկին շարունակվում եւ պահպանվում է տարիներ շարունակ վարվող քաղաքականությունը՝ թվացյալ վերախմբագրումներով: Թուրքիայում հայկական հարցը շարունակում է մնալ ցավոտ խնդիր: Վառ օրինակ՝ թուրքական մեջլիսում Գարո Փայլանի դեմ ուղղված սպառնալիքները՝  «ցեղասպանության», մարդու իրավունքների մասին բարձրաձայնելիս»:

«Հրանտ Դինքի սպանությունից հետո շուրջ 6-7 տարի հասարակությունն սկսեց ավելի շատ խոսել եւ հասկանալ հայկական հարցի մասին։ Այսօր էլ փորձում ենք իրազեկման որդեգրած ճանապարհով գնալ, սակայն կառավարության եւ իշխանության կողմից փոխվել է քաղաքականությունը եւ «ցեղասպանություն» բառը սկսել է անհանգստացնել նրանց»:

«Ակօս» պարբերականի հնաբնակներից հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանն էլ մեզ վստահեցնում է, չնայած շատ անուղղակի արգելքների եւ դժվարությունների, Հրանտ Դինքի բերած ավանդներն այսօր պահպանվում են ու շարունակվում։ «Ակոսը» շարունակում է իր ուղին՝  հանդիսանալով պոլսահայերի խոսափողը, իսկ Թուրքիայում դժվար է լինել ընդդիմադիր ու ապրել:

«Իր մահից հետո մեզ դիպչող չկա: Ամեն օր կարող են մեկուսացնել: Օրինակ, իմ հոդվածները ամեն օր կարող են հանցագործություն որակել, միակ ապահովությունը երեւի այն է, որ հայերեն եմ գրում, որի ուժն այդքան էլ մեծ չէ, չնայած, եթե ուզեն անպայման կմեկուսացնեն, դեռ չեն ցանկանում:  Այդ պահանջատիրության պահանջը չի դադարել եւ չի դադարի, բայց թե ինչպես պետք է հաջողենք, չգիտեմ, թուրքերեն լավ խոսք կա. «դուրսը քեզ կայրե, ներսը՝ մեզ»:

Ի դեպ, թուրք մտավորական Բասքըն Օրանը համոզված է, որ Հրանտ Դինքը լռեցվեց, քանի որ միակ մարդն էր, ում կարող էր հաջողվել հաշտեցնել հայերին ու թուրքերին: Իսկ հայ-թուրքական սառեցված հարաբերություններում նոր հալոցքներ առայժմ  Էդվարդ Դանձիկյանը չի տեսնում, քանի որ «փոքր եղբոր» կարգավիճակում Ադրբեջանի ուղղակի մասնակցությունը մեծ է այս հարցում։ Սա չեն ժխտում նաեւ թուրքական իշխանությունները։  Թեեւ Դինքին սպանողը, ով այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, բավականին արագ ձերբակալվեց եւ դատապարտվեց, սակայն սպանության գործով դատավարությունը մինչ օրս շարունակվում է։ Դինքի կողմնակիցները վստահեցնում են՝ տասնմեկ տարի անց դատարանը այդպես էլ լույս չսփռեց սպանության իրական շարժառիթների վրա, քանի որ թուրքական իշխանությունների համար դրանք ինքնախոստովանություն կլինեն:

Back to top button