ԿարևորՔաղաքական

ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը: ՀՀԿ թեկնածուն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ (1996-1997) Արմեն Սարգսյանն է:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:

Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:

1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը: Մինչ օրս ոմանք հակված են կարծել, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը նրա բախումն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Սակայն այդ վարկածը հաստատող փաստեր չկան: Պաշտոնական վարկածի համաձայն, որն արժանահավատ չհամարելու հիմքեր եւս չկան, Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով:


1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:

Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու:

2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Արմեն Սարգսյանի ընտանիքը․ Նկարը՝ Daily mail-ի

Back to top button