Հասարակություն

Որքանո՞վ է չափելի վիճակախաղերի ու տարբեր խաղարկությունների «ազնվությունը»

Հատկապես նախատոնական ու հետտոնական շրջանում ակտիվանում են տարբեր խանութներում խաղարկությունները։ Դե իսկ վիճակախաղերը չեն սպասում տոնական շրջանին, դրանք միշտ են սպառվում։

Շահումների խոստումները որքանով են իրատեսական, իսկ խոստումների կատարումը՝ վերահսկելի՝ փորձել է պարզել «Ռադիոլուրը»։

 

 

Վիճակախաղերի մասին գովազդը որոշ սահմանափակումներ ունի: Այդուհանդերձ, այսօր դրանք գովազդվում են ագրեսիվ ձեւով, ներկայացվում խոստումնալից ու գրավիչ: Որ գովազդն ազդում է՝ վկայում է մամուլի կրպակի աշխատակից զրուցակիցս: Հարցազրույց տալու սահմանափակում ունի, ուստի չի ներկայանում, հասկանալի պատճառով նրա ձայնը փոխված է:

«Հիմնականում գալիս են 50-ին մոտ տարիքի մարդիկ ու գովազդների ազդեցության տակ, որովհետեւ միշտ նշում են՝ «էն, որ ասում են շահում ենք 5 մլն կամ չգիտեմ ինչ: Էդպիսի մարդիկ են»: Հիմնականում երեխաները ծնողների հետ են լինում, խնդրում են գնել, հեռուստատեսությամբ տեսել ու լսել են շահումների մասին»:

Միջինը գնում են 3 վիճակախաղ, հաճախ՝ որպես նվեր նաեւ: Դեռահասները եւս հաճախ են գնում։ Ոմանց համար սա ժամանց է, ոմանց համար՝ շահելու ցանկություն ու հավատ: Մարդիկ կան, ում մոտ սա մոլուցք է:

«Մարդիկ կան, որ մի հատ գնում ու չշահելով բավարարվում հեռանում են: Մարդիկ կան, որ անընդհատ, անընդհատ, անընդհատ գնում են՝ մի հատ էլ ջնջեմ, մի հատ էլ: Կամ եթե ինչ-որ սիմվոլիկ գումար են շահում՝ տոմսի գումարի չափով, ոգեւորվում են, «եթե սա շահեցինք, էլի կշահենք»:

Կրպակին վիճակախաղ գնելու համար մոտենում են երբեմն առօրյա գնումների տոպրակները ձեռքին: Զրուցակիցս չշահողների արձագանքները լավ է հիշում:

«Լինում են շատ վատ ռեակցիաներ, իրոք: Մի տատիկ կար, որը ահավոր հայհոյում էր չշահելու դեպքում, անեծքներ եւ այլն: Ոչ մեկի չեմ ցանկանա նման հաճախորդ ունենալ»:

Կրպակները վիճակախաղի վաճառքի հիմնական կետերից են: Կրպակավար զրուցակցիս հարցնում եմ՝ հաճա՞խ են արդյոք խոշոր շահումներ լինում:

«Խոշոր շահումները հազվադեպ են: Հիմնականում շահումները տոմսի արժեքի չափով են: 10-ից 2-ը կարող է այդ 400 դրամը շահել: Խոշոր շահումը 5 հազար, 10 հազար դրամն է, ավելին շատ հազվադեպ է պատահում: Մեկ տարվա կտրվածքով իմ պրակտիկայում ամենամեծ շահումները եղել են 10 գրամ թե ավելի պակաս ոսկի ու 20 հազար դրամ: Եղել է կենցաղային իր՝ ոչ բարձր արժողությամբ, ասենք 8 հազար դրամանոց արդուկ կամ թեյնիկ: Մեքենա… լսել եմ, որ շահել են»:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Թամազյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հակված չէ կիսել տեսակետերը, թե ջնջվող շերտի տակ շահումները խոստացվածից քիչ են, հաղթող տոմսերը շուկա չեն հանվում եւ այլն: Զրուցակիցս օրենքն է մատնանշում, ըստ որի՝ վիճակախաղերի տվյալ փուլի տոմսերի վաճառքի հասույթի առնվազն կեսը պետք է տրամադրվի շահումներին:

 «Վիճակախաղի կազմակերպիչները մեզ հաշվետվություն են տալիս: Ըստ այդմ՝ մեր իրականության մեջ կեսից մի քիչ ավելին՝ 55-60 տոկոսը տրվում է որպես շահում»:

Վիճակախաղերի համար օրենքը պահանջում է լիցենզավորում, սահմանում պայմաններ, պահանջներ: Ֆիննախը սրանց վերահսկում է, խախտումների դեպքում՝ պատժում:

«Տնտեսվարողի համար իմաստ չունի խաբել: Ինչ-որ շահում նախատեսել ու չտալ կամ քիչ տալ՝ իր օգուտը կարող է էդ պահին լինի, բայց ստրատեգիական, գլոբալ առումով ինքը կտուժի: Փոքր քաղաք է, բոլորս կիմանանք ու կսկսենք տոմսերը չգնել»:

Թամազյանը վիճակախաղերից առանձնացնում է գովազդային վիճակախաղերը: Խցանի տակ շահումներ, առեւտրային ցանցերում, էլեկտրատեխնիկայի խանութներում՝ խաղարկություններ. սրանք արդեն ֆիննախը չի վերահսկում: Նման իրավասություն չունենք՝ բացատրում է ֆինանսների փոխնախարարը: Օրենքը դրանց մասով ասում է՝ շահումը պետք է լինի նախորդ տարվա շահույթի հաշվին ու չգերազանցի ապրանքի շրջանառության 8 տոկոսը: Շահման պարտադիր շեմ կամ չափ չկա, սահմանափակումներ չկան, հաշվառումներ չկան: Տնտեսվարողը պարզապես պետք է հետեւի պատշաճ, հանրամատչելի գովազդ տալու պահանջին:

«Գովազդային վիճակախաղի պայմանները ֆիանսների նախարարության կողմից չեն վերահսկվում: Արդարացի՞ են բաշխվել շահումները, թե ոչ՝ որքան գիտեմ՝ ՊԵԿ-ն էլ օժտված չէ նման ստուգում իրականացնելու լիազորությամբ: «Այսինքն՝ սպառողին մոլորեցման պոտենցիալ մեծ ռիսկ կա՞» հարցին Թամազյանն արձագանքում է՝ չեմ կարող ասել՝ ռիսկ կա, թե ոչ, ամեն դեպքում դրա նկատմամբ հսկողություն չկա: Կխաղարկի, թե ոչ, ինքն է իր արածի տերը եւ պատասխանատուն իր հայտարարածի ու կատարածի համար»:

Թամազյանին հայտնի չեն դեպքեր, երբ գործը հասել է իրավապահներին կամ դատարան: Սակայն սա էլ չի բացառում սպառողին մոլորեցնելու ռիսկերը:

Իսկ որ ռիսկեր կան՝ փաստում է նաեւ մյուս զրուցակիցս՝ ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը:

«Դրանք ըստ էության գովազդի միջոցառումներ եւ սպառողին գայթակղելու ռիսկեր են պարունակում: Բայց հանձնաժողովը վերջին տարիներին նման բողոք չի ստացել»:

Բողոք չլինելը չի նշանակում, որ խնդիր չկա՝ ընդունում է Մանասերյանն ու փոխանցում հանձնաժողովի պատրաստակամությունը՝ հետեւողականորեն զբաղվել նման խնդիրներով, եթե ապատեղեկատվություն, մոլորեցնող հայտարարություններ լինեն: Բայց այս հանձնաժողովն էլ ողջ դաշտը հսկել չի կարող, ուստի անչափ կարեւոր է, որ նախ քաղաքացին գիտակցի իրեն առնչվող ռիսկերն ու ձեռքում գտնվող իրական հազարը չփոխանակի օդում սավառնող միլիոնի հետ։

Back to top button