Քաղաքական

Ինչով է կարեւորվելու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը


Հունվարի 22-26-ը տեղի է ունենալու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Եվրոպական կառույցի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ նստաշրջանը հագեցած է լինելու։  

Վեհաժողովը կընտրի նախագահ եւ Մարդու իրավունքների հանձնակատար: Այս նստաշրջանում նախատեսված է նախագահը Սերժ Սարգսյանի ելույթը: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչով է աչքի ընկնելու եւ կարեւորվելու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը:

2016 թվականի հունվարի 25-ից պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տարին մի քանի անգամ, որքան պահանջում էր ԵԽԽՎ-ում աշխատանքը, մշտապես ուղեւորվում էր Ստրասբուրգ: Երկուշաբթի օրվանից Ստրասբուրգում սպասում են մեր պատվիրակներին, բայց Հերմինե Նաղդալյանն այլեւս ճամպրուկներ չի հավաքում:

Միջազգային այդ կառույցում աշխատող մեր պատվիրակության կազմը օրեր առաջ փոխվեց եւ Հերմինե Նաղդալյանին փոխարինեց մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ Կարինե Աճեմյանը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում հավաստիացնում է՝ որեւէ անակնկալ զարգացումներ իր համար չեն եղել, ամեն ինչ ընթանում է նախապես ձեռք բերված պայմանավորվածության եւ իր որոշման համաձայն:

Տիկին Նաղդալյանը ձեռնունայն չի մնացել, ղեկավարելու է ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը եւ այժմ հաճույքով է թողնում ԵԽԽՎ- ում իր զբաղեցրած տեղը: Ինչ վերաբերում է ասեկոսեներին, թե այս ամենում մեծ դեր է խաղացել իր նախկին պաշտոնները զբաղեցրեծ՝ պատվիրակության ներկայիս ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, քանի որ երկու խորհրդարանականի հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն, ապա այս ամենին Հեմինե Նաղդալյանի պատասխանը հետեւյալն է.

Ի դեպ, Ստրասբուրգ այս անգամ փոփոխված եւ նոր կազմով են մեկնում նաեւ մեր հարեւանները՝ Ադրբեջանի պատվիրակությունը: Դա արդեն կապված է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած կոռուպցիոն սկանդալի հետ: Դա, սակայն, չի բերի այդ պետության ներկայացուցիչների աշխատաոճում որեւէ փոփոխություն՝ համոզված են մեր պատվիրակները՝ կատարվածը համարելով պարզապես «կոսմետիկ փոփոխություններ»:  Ադրբեջանը նման կերպ ձգտում է խուսափել հնարավոր մեծ աղմուկից, որին ուղղակիորեն շաղկապված են փոփոխված երեք անդամները՝ այս պահին էլ Միլանի դատախազությունում քննվող գործի շրջանակներում:

Ինչ վերաբերում է երկուշաբթի մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, ապա այն Հայաստանում կարեւորվում է թերեւս նրանով, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ելույթով հանդես է գալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչից հետո պատասխանելու է եվրոպացի պատգամավորների հարցերին:

Սրանից զատ, արդեն ձեւավորված օրակարգով պարզ է՝ ԵԽԽՎ պատվիրակներին սպասվում է շատ հետաքրքիր եւ հագեցած օրակարգ: Որոշ հարցեր առանձնացնում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ Հայաստանի շահերին առնչվող որեւէ հարց որպես օրակարգային ներառված չէ:  Բայց, օրինակ, նախատեսված է Ադրբեջանի պատվիրակ Սեւինջ Ֆատալիեւայի՝ «Երեխաների պաշտպանությունը զինված կոնֆլիկտների կամ հակամարտությունների ընթացքում» զեկույցի քննարկումը: Թեեւ դա վերաբերում է բոլոր հակամարտությունների ընթացքում տուժած երեխաների պաշտպանության մեխանիզմներին, բայց հասկանալի է, թե ադրբեջանցիներն ինչ ուղղությամբ են փորձելու տանել այդ քննարկումը: Այն տեղի կունենա հինգշաբթի՝ հունվարի 25-ին:

Ի դեպ՝ Ադրբեջանի հետ կապված եւս մեկ խնդիր է հասունանում ԵԽԽՎ-ում: ԵԽ Նախարարների կոմիտեն արդեն անդրադարձել է եւ լուրջ քննարկում է սկսել ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների չկատարման հարցին։ Ադրբեջանը միակ երկիրն է, որ հրաժարվել է կատարել Եվրոպական դատարանի վճիռը՝ ազատ արձակել քաղբանտարկյալ Իլգար Մամեդովին։ Հավանական է, որ հարցն այս անգամ քննարկվի ԵԽԽՎ իրավական հանձնաժողովում:

Back to top button