Հասարակություն

Վիրահայոց թեմը Թանդոյանց եկեղեցին թեմին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան

Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան: Այս մասին «Ռադիոլուր»-ին փոխանցել է Վիրահայոց թեմի առաջնորդը։ Հիշեցնենք՝ 2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին։

Վրաստանի կառավարությունն առանց ուսումնասիրելու Թբիլիսիի Աղամաշենեբելի 38 հասցեում գտնվող խոնարհված եկեղեցու պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, այն վրաց պատրիարքարանին է հանձնել։ Իսկ Պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է սկսել իրականացնել։ Այս մասին բարձրաձայնում է Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը՝ հրապարակած հոդվածում նշելով, որ Վրաստանի պատրիարքարանը չի նշում ճարտարապետության պատմական աղբյուրները, թե ինչու է այս եկեղեցին պատկանում ուղղափառ թեմին։ «Ռադիոլուր»-ին ասում է ինստիտուտի իրավաբան Գվանցա Լոմայան։

«Մենք մի քանի փաստաթուղթ ենք գտել, այդ թվում Թբիլիսիի գործկոմի 1924 թվականի որոշումը, որը ապացուցում է, որ եկեղեցին մինչ խորհրդային բռնագրավումը պատկանել է հայկական թեմին: Փաստաթղթում եկեղեցին հիշատակված է, որպես Թանդոյանցի անվան հայկական եկեղեցի: Այս փաստաթուղթն ասում է, որ եկեղեցին հայկական թեմից բռնագրավվել է ու փոխանցվել պետությանը»:

Մինչ օրս էլ հիշյալ հասցեում հայերեն գրառում է պահպանվել, հետևյալ բովանդակությամբ. «Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդր Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եղեկեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում … 1883 թվական»։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշել էր, եթե հարցը լուծում չստանա, դատարան կդիմեն. «Մենք դատարանի միջոցով ենք խնդիրը լուծելու։ Աննկարագրելի շատ փաստեր կան, ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի արխիվում»։

Վրաստանյան համերաշխության և բազմազանության ինստիտուտը վստահ է, որ Վիրահայոց թեմը հաղթանակ կտանի։ Հատկանշական է, որ 20-րդ դարասկզբին Թբիլիսիի քարտեզներում (1913 և 1924 թթ․), անգամ նաև 2015-2016 թթ․պողոտայի «Նոր Տփիլիսիի» ծրագրի շրջանակներում, տաճարը ճանաչված է հայկական՝ հիշատակված «Գրիգորյանական սուրբ խաչի հայտնության եկեղեցի» անվամբ։

Back to top button