Հասարակություն

Հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից
խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ պաշտպանության
նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի
առթիվ 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական
գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ
քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի
2-րդ մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների
հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ այն
մասին, որ ամուսիններ Լ.Մ-ն և Ա.Մ.-ն ժամկետային զինվորական ծառայության
մեջ գտնվող իրենց որդուն՝ Ա.Մ.-ին, գումարտակի փոքր ստորաբաժանում
տեղափոխելու և ծառայության նշանակելու համար ՀՀ պաշտպանության
նախարարության սպա Վ.Յ.-ի միջոցով 336.392 ՀՀ դրամին համարժեք 700 ԱՄՆ
դոլար կաշառք են տվել գումարտակի հրամանատար Գ.Խ.-ին, որի արդյունքում
իրենց որդին ծառայության է տեղափոխվել իրենց նախընտրած ստորաբաժանում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Յ.-ին մեղադրանք է
առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով և կաշառք ստանալու պատրվակով
խարդախություն ու պաշտոնատար անձին պաշտոնեական դիրքը չարաշահելուն
դրդչություն կատարելու, իսկ Գ.Խ.-ին՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահելու
համար: Հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարումը ժամանակավորապես
դադարեցվել է:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել
պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից
քննությանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ
օգտագործելու վերաբերյալ: Ուստի գործի փաստական հանգամանքներով
պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու
անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ
քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ
պարբերությամբ սահմանված կարգով վերցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական
քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության
վարչության քննիչի վարույթից և հանձնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության
քննիչի վարույթին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Կարդացեք նաև
Close
Back to top button