Վաճառում ենք մեր ապագա սերնդի ապագան՝ քրքրված ու բզկտված. տնտեսագետ


Հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենախնդրահարույց ոլորտներից է: Բնապահպանները հատկապես հանքերի անխնա շահագործումից են դժգոհ ու անհանգստացած:
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ այժմ արդեն անտառածածկ տարածքներում հանքերի բաց եղանակով շահագործման թույլտվություն չեն տալիս:
Մասնագետների պնդմամբ, սա, սակայն, հարցի լուծում չէ:
Հայաստանի տնտեսության, այսպես ասենք, շարժիչ ուժը վերջին տարիներին դարձել է հանքարդյունաբերությունը: Բնապահպանները շարունակում են ահազանգել՝ հանքերը անխնա շահագործվում են: Սրա մասին բարձրաձայնում են նաև տնտեսագետները, ինչպես օրինակ զրուցակիցս՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» Հ/Կ նախագահ Մովսես Արիստակեսյանը.
«Հանքարդյունաբերության վրա զարգացած տնտեսություն մեզ բոլորովին ձեռք չի տալիս: Մենք երրորդ երկիր չենք: Մենք վաճառում ենք մեր ապագա սերնդի ապագան՝ քրքրված ու բզկտված»:
Մոտ երեք տասնյակ հանքավայր այս պահին շահագործվում է՝ ասում է «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է կարողանա տնտեսական ու բնապահպանական ռիսկերը համակշռել, գտնել ոսկե կշիռը:
Փորձագետների մի մասը պնդում է, որ առավել ցանկալի է հանքավայրերի փակ եղանակով շահագործումը:
Մասնագետներն այս հարցում էլ միակարծիք չեն: ԳԱԱ էլոկոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը նշում է:
Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ հանքավայրի շահագործման լիցենզիա տալիս բոլոր ռիսկերն են հաշվի առնում: Ավելին, մտահոգ են նաև ներկա սերնդի ապագայով:
Հայաստանում հիմնական հարստությունը՝ լանդշաֆտն ու բնական ռեսուրսները չեն գնահատվում: Այժմ մի իրավիճակ է ստեղծվել, երբ մեր երկրում հանրայինն այլևս արժեք չունի՝ եզրափակում է ԳԱԱ էլոկոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: