Տնտեսական

Եղանակը երես չի թեքի գյուղացուց. գյուղնախը լիահույս է

Ձմեռ, սակայն գարնանային  տաք եղանակով: Եթե շարունակվեն եղանակային նման պայմանները, ապա այն գյուղատնտեսության վրա վատ ազդեցություն կունենա՝ պնդում են հողագործներն  ու ոլորտի մասնագետները: Սակայն հույսները չեն կորցնում  և սպասում են եղանակի բարեհաճությանը:

Գյուղնախարարությունը լիահույս է, որ եղանակը նույնպես երես չի թեքի գյուղացուց: Եղանակային ներկա պայմանները որքանո՞վ կազդեն գյուղատնտեսության վրա:

 

 

Այս տարի ցրտաշունչ ձմեռ Հայաստանում դեռևս չի գրանցվել:  Բնակչության համար թերևս սա ուրախալի երևույթ է, բայց այն այդքան էլ դրական չի ազդի գյուղատնտեսության վրա: Ձմռանը տաք եղանակն անբարենպաստ է հողի բերքատվության համար, սակավ տեղումների պատճառով էլ ջրամբարները չեն լցվում, վտանգվում է ոռոգման սեզոնը։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մասնագիտական դիտարկումներն է անում։ Դեռևս որևէ վտանգ գյուղատնտեսությանը չի սպառնում: Հուսով է՝ բնությունն  առավել բարեհաճ կգտնվի հողի մշակի նկատմամբ.

«Կարծում եմ, որ բնությունն իր գործը կանի: Մենք ամսի 15-ից  հետո կունենանք ձյուն, ջերմաստիճանը կնվազի և այս վիճակը կկարգավորվի: Բնությունը, ի տարբերություն մեր կառավարության, ավելի բարի է գտնվել մեր գյուղացու նկատմամբ»:

Այգեպան Արտյոմը խնձորների այգիներ  է մշակում։ Նրան մտահոգում են տաք եղանակային պայմանները: Նախորդ տարիներին կարկուտն է փչացրել բերքը, գոնե այս տարի էլ տաք եղանակը չհարամի աշխատանքը՝ ասում է:

«Հիմա եթե տաք անի, գարունը ծառերը ծաղկեն,  ցուրտը վնաս կտա արդեն: Թեկուզ -3 լինի,  արդեն կազդի ծաղկի վրա: Բերքը կարելի է ասել կամ կլինի, կամ չի լինի»:

Բերբերյանը պնդում է, որ տաք գոտիներում պտղատու ծառերի վրա  նկատվող  բողբոջները  գյուղարտադրության ծավալների վրա  որևէ ազդեցություն չեն ունենա: Պտղատու ծառերին այս պահին վտանգ չի սպառնում, քանի որ երեկոյան ժամերին նկատվող ցուրտ եղանակը  ծառերի մոտ չի թողնում հյութաշարժություն կատարվի: Գյուղնախարարությունում էլ են հուսով, որ  բնությունը  բարեհաճ կլինի գյուղացիների նկատմամբ: Փոխնախարար Ռոբերտ Մակարյան:

«Հույս ունենանք, որ մեր բնությունը բարեհաճ կգտնվի մեր գյուղացիների նկատմամբ և կունենանք առատ բերք»:

Օդերևութաբանները կանխատեսել են, որ հունվարի 14-ից հանրապետության տարածքում կտեղան ձյան և անձրևի տեսքով տեղումներ: Թե որքանո՞վ այն բարենպաստ կլինի գյուղատնտեսության  համար, դեռևս վաղ է ասել:

Back to top button