Հասարակություն

Ում աշխատավարձը կավելանա, ումը կպակասի նոր եկամտահարկի կիրառումից հետո

2018թ  հունվարի 1- ից ուժի մեջ մտավ նոր հարկային օրենսգիրքը, որը նախատեսում է  նաև եկամտային հարկի դրույքաչափի փոփոխություն: Նոր դրույքաչափերով  քաղաքացիների մի մասի աշխատավարձը կնվազի, մյուսներինն էլ կբարձրանա:

Վերջին օրերին այս փոփոխությունն ամենաշատն քննարկվող ու  դժգոհությունների առիթ դարձած թեմաներից է: Այսօր մասնագետներից փորձել ենք պարզել՝ ո՞ ր դեպքում է աշխատավարձի նվազում և որ դեպքում ավելանում նախատեսվում նոր դրույքաչափով:

24.4. տոկոսից՝ 23 տոկոս, 26 տոկոսից էլ՝ 28 տոկոս: Եկամտային հարկի նոր դրույքաչափերն են, որոնք ուժի մեջ են արդեն այս տարվա հունվարի մեկից: Աշխատավարձի հաշվարկման փոփոխությունները տարբեր քննարկումների առիթ են դարձել, պաշտոնյաները  վստահեցնում են՝ քիչ աշխատավարձ ստացողների աշխատավարձը ոչ թե պակասել, այլ՝ ավելացել է։ Թե ինչպես, փորձեցինք մասնագետներից պարզել: Զրուցակիցս հաշվապահ է։ Ավելին, Հաշվապահների ասոցիացիայի անդամ։ Ներկայանալ չցանկացավ, սակայն հաշվարկներ արեց ու նշեց.

«150 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար եկամտային հարկը նվազում է  2580 դրամ: 279 հազար դրամ անվանական աշխատավարձի դեպքում նվազում չի արձանագրվի, 300 հազար դրամ ստացողների համար աշխատավարձը նվազելու է  420 դրամ, 2 մլն և ավելի դեպքում՝ 34 420 դրամով է նվազելու աշխատավարձը»:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հարկային նոր օրենսգիրքը դեֆոլտի առջև կանգնած Հայաստանի բյուջեն լցնելու նպատակ ունի:

Տնտեսագետը համոզված է՝  աղքատ և միջին խավի միջոցով փորձ է արվում բյուջեի  եկամուտներն ավելացնել: Արիստակեսյանը հիշեցնում է նվազագույն աշխատավարձի հարկման մասին նույնպես:

ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը համոզված է, որ ընդհանրապես աշխատավարձի հաշվարկման  քաղաքականությունն է մեր երկրում բարդ։ Հայաստանին փորձում է  աջակցել ԱՄԿ-ն:

Մակարյանը կարծում է, որ աշխատավարձի նկատմամբ եկամտային հարկի քաղաքականությունը պետք է աշխատաշուկայի ու հմտությունների հետ կապ ունենա:

Բացի ՏՏ-ից մնացած գերակա հռչակված մյուս ոչ մի  ոլորտում  չկա քաղաքականություն, որով այն զարգանա նաև աշխատավարձի միջոցով:  Այժմ  այս ուղղությամբ են աշխատում: Գուցե արդեն հաջորդ տարի փոփոխության ենթարկվի ու բարելավվի առաջին անգամ աշխատաշուկա մտած քաղաքացու վճարման կարգը:

Եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունները ակտիվորեն  քննարկվում է նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում: Այստեղ էլ կարծիքները տարբեր են, հիմնականում դժգոհություններ են՝ դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված:

Back to top button