Հասարակություն

Շատինում հետընտրական կրքերը հասան դանակահարության


Վայոց ձորի Շատին համայնքում հետընտրական լարված վիճակը շարունակվում է: Համայնքների խոշորացումից հետո Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները շատինցիները չեն ընդունում ու չեն համակերպվում իրենց նախկին հանրապետական գյուղապետի պարտության հետ:

Միաժամանակ՝ նրանք դեմ են, որ նոր ղեկավարի թիմում ընդգրկվի ավելի վաղ գյուղապետի պաշտոն զբաղեցրած Մամիկոն Սմբատյանը։

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատել է, որ հետընտրական լարվածությունից խնդիրներն արդեն վերածվել են անձնականից. հին ու նոր հարցերը բարձրացրել, խառնել են իրար, հասել դանակահարության ու բախումների:

Բոլոր գործերով զբաղվում է ոստիկանությունը՝ շեշտել է Սարգսյանը:

Վայոց ձորի մարզպետն ինքն էլ անչափ մտահոգված է մարզում չթուլացող լարվածությամբ: Շատինի հին ու նոր ղեկավարների թիմակիցների բախումները  հասել են դանակահարության ու ձերբակալության: Ձերբակալվածների թվում է նաեւ ժամանակին Շատինը ղեկավարած Մամիկոն Սմբատյանը։ Նա քրեական անցյալ ունի: Ի դեպ՝  համայնքի նոր ղեկավարի աշխատանքային թիմում այս անձի ընդգրկվելն էր վերջնականապես սրել իրավիճակը:

Հիշեցնենք՝ Եղեգիս խոշորացված համայնքում, որը ներառում է նաեւ Շատին գյուղը, ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրել էր Շատինի գյուղապետ Տիգրան Խուդոյանին, որը, սակայն, պարտվել էր:  Ընտրվել էր նույնպես ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Արթուր Ստեփանյանը: Տիգրան Խուդոյանի կողմնակիցներն էլ ամեն կերպ բոյկոտում են հաղթող թեկնածուին՝ ճանապարհ փակում, կոտրում գյուղապետարանի աստիճանները, պահանջում չեղարկել ընտրությունների արդյունքները:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում մարզպետ Հարություն Սարգսյանը մանրամասնում է՝  հաղթած-պարտված գյուղապետերին առնչվող քաղաքական հարցերն արդեն արանքից դուրս են եկել, հետընտրական լարվածությունն արդեն վերածվել է անձնական խնդիրների:

«Քաղաքական հարցերը դուրս են եկել: Հիմա ուղղակի իրենք իրար մեջ հրահրում են, տարբեր հարցեր են ստեղծում, կռիվ են անում, դանակահարություն, ոտք են կոտրում, փախչում: Մի կաթիլ մեղրի պատմությունն է»:

 Համայնքի գյուղացիներից մեկը, ով գյուղում լարվածության պատճառով չցանկացավ ներկայանալ ու նոր վեճերի մեջ ներքաշվել, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտեց՝ բոլոր խնդիրները հետընտրական լարվածության համատեքստում են: Ժողովուրդը բաժանվել է երկու մասի՝ մի մասը նախկին ու պարտված գյուղապետի, մյուս մասը՝ խոշորացված համայնքի հաղթած, բայց չընդունված ղեկավարի կողմնակիցներն են: «Ռադիոլուր»-ի զրուցակցի խոսքով՝ բախումներն ու լարվածությունը հրահրում են պարտված հանրապետական գյուղապետի կողմնակիցները: Լսենք նրան:

«Նախկին գյուղապետի կողմնակիցներն են պայքարում, նրանք են այս կռիվները սարքում, թե չէ նոր ընտրվածի կողմից՝ ոչ մի բան: Թե հիմա ով է վերեւից միջնորդում, ով է ինչ անում՝ չգիտեմ»:

«Ռադիոլուր»-ն ավելի վաղ ականատես էր եղել, թե ինչպես են շատինցի կանայք Վայոց ձորի մարզպետին հենց մարզպետարանում բողոքում, թե վիճակն իրենց գյուղում այնքան է լարվել, որ վախենում են երեխաներին տանից դուրս թողնել: Շատինցիներն անգամ մարզպետի մոտ քննարկումից հետո գնացել ու կոտրել էին գյուղապետարանի աստիճանները՝ փորձելով արգելել նորընտիր, սակայն իրենց կողմից չընդունված գյուղապետին՝ աշխատանքի գնալ: Իսկ հունվարի 7-ին Շատին գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, վիճաբանություն, դանակահարություն:

Միջամտել է ոստիկանությունը, կա 6 ձերբակալված, այդ թվում՝ Մամիկոն Սմբատյանը: Այս միջադեպից հետո էլ մարզպետը կանչել է, խոսել, փորձել հարթեցնել, հաշտեցնել: Ինչ նոր զարգացում կստանա իրավիճակը, մարզպետը կանխատեսել դժվարանում է, բայց, ասում է, մարդկանց խաղաղեցնելն իր համար արդեն երազանք է դարձել:

Back to top button