Տնտեսական

Էռնեկյանը որոշել է ավիաբիզնեսը փոխանցել զարմիկին

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը Corporacion America Airports SA ընկերության սեփականատերն է և համարվում է Արգենտինայի ամենահարուստ մարդկանցից մեկը, մտադիր է օդանավակայանների կառավարման բիզնեսը փոխանցել զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին:

«Ես որոշել եմ վաճառել բաժնետոմսերը՝ IPO անցկացնել: Օդանավակայանների կառավարմամբ կզբաղվի իմ զարմիկը: Ես կհետևեմ գործարքին, որը կայանալու է հունվարի վերջին: Այդպիսով օդանավակայանների կառավարման իմ կարիերան կավարտվի»,-ասել է Էռնեկյանը, հայտնում է Bloomberg-ը:

Ըստ պարբերականի, դա զուտ խորհրդանշական քայլ չի լինելու, բաժնետոմսերի վաճառքը կարևորվում է արգենտինահայ գործարարի կյանքում, քանի որ դրանով նա միլիարդանոց բիզնեսը փոխանցում է իր հետնորդին:

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։

2017-ի սեպտեմբերին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել:

Back to top button