ԿարևորՏնտեսական

Հայաստանը 2018 թվականին կարձանագրի 3.8 տոկոս տնտեսական աճ․ ՀԲ

հրապարակված 12.56
լրացված 16.40


2017-ի տնտեսական պաշտոնական թվերը հուսադրող են։ Ավելին, դրանք նախանշվածից բարձր են: Թե ինչպես ենք փակել նախորդ տնտեսական տարին, դեռ  հայտնի չէ, սակայն առաջին 11 ամիսների զարգացումները փաստում են, որ տնտեսական աճը կլինի մոտ յոթ տոկոս։

Հենց այս ցուցանիշերի հիման վրա էլ Համաշխարհային բանկը փոխել է իր կանխատեսումները։ Դրանք ավելի լավատեսական են, սակայն պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումներին իրենց լավատեսությամբ չեն հասնում:

Հայաստանի՝  2018-ին սպասվող տնտեսական կանխատեսումները ՀԲ-ն փոխել է։ Դրանք նախորդի համեմատ ավելի լավատեսական են: Համաշխարհային բանկի այսօր հրապարակված Global Economic Prospects  զեկույցի համաձայն, Հայաստանը 2018 թվականին կարձանագրի 3,8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4 տոկոս: Ավելի վաղ բանկը կանխատեսում էր, որ մեր երկրում  2018-ին տնտեսական աճը կկազմի 3,1, իսկ 2019-ին՝ 3,4 տոկոս: Լավատեսության հիմքում 2017-ին գրանցած տնտեսական ցուցանիշերն են։ Վերջնական պատկերը դեռ չկա, սակայն, ամենայն հավանականությամբ տնտեսական աճը մոտ 7 տոկոս կկազմի:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, նախորդ ամիսների դինամիկան համադրելով պաշտոնական վիճակագրության հետ, փաստում է՝ տնտեսական աճ կա: Բայց միեւնույն է՝ դրան թերահավատորեն է մոտենում։

«Արդյոք  կա՞ այդ տնտեսական աճը, եթե այո, ինչու՞  բյուջեն չի ավելանում»:

Տնտեսությունը զարգանում է՝ սպառման համար՝ ասում է տնտեսագետը:

Համադրելով արդյունքները՝ Մովսես Արիստակեսյանը  ընդգծում է՝ տնտեսության  աճը տեսնում են միայն նրանք, ովքեր մենաշնորհային դիրք ունեն տնտեսությունում:

Պետական բյուջեով այս տարի  կառավարությունը 4,5 տոկոս տնտեսական աճ է խոստանում: Տնտեսական իրավունքի կենտրոնի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշում է՝ գրեթե նույնքան կանխատեսվում է  ամեն տարի: Զրուցակիցս ընդգծում է՝ Հայաստանին տնտեսական ռազմավարական այնպիսի   ծրագիր է պետք, որը որակական փոփոխություններ կբերի:

«Հանքարդյունաբերության հիման վրա տնտեսության զարգացումը ձեռնտու չէ  Հայաստանին:  Ընդերքը քրքրված ու բզկտված է, մենք վաճառում ենք մեր սերունդների ապագան»,- ասում է տնտեսագետը:

ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը նկատում է՝ ՀԲ-ն իր կանխատեսումներում և ավելի զգուշավոր է, և մեթոդաբանությունն է ուրիշ:

ՀԲ-ն Ադրբեջանի համար 2018-ին կանխատեսում է մոտ 1 տոկոս (0,9%), Ռուսաստանի համար՝ 1,7%, Թուրքիայի համար՝ 3,5%, իսկ Վրաստանի համար՝ 4,2% տնտեսական աճ: Հայաստանի տնտեսության զարգացման, մասնավորապես, սոցիալական վիճակի բարելավման հարցում կարևոր  են տրանսֆերտները, որոնք ՌԴ-ից են գալիս։ Այս երկրի համար, սակայն, կանխատեսվող աճն ավելի քիչ է, քան՝ Հայաստանի:

Back to top button