Հասարակություն

Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Իսրայելի արտաքին քաղաքականության գործիք


Հրեա ուսանողների համաշխարհային միությունը Իսրայելում դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը անցկացված Համաշխարհային 44-րդ կոնգրեսի ընթացքում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ըստ մամուլի, սա կարևոր քայլ է միության համար և հանդիսանում է ռասիզմի բոլոր դրսևորումների դեմ միության տարած պայքարի ևս մի օրինակ: Իսրայելական խորհրդարանը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև անցյալ տարի խորհրդարանի կրթության, սպորտի և մշակույթի հարցերով հանձնաժողովը քվեարկել էր ցեղասպանոթյան ընդունման օգտին:

Ավելի վաղ Ռադիոլուրը հայտնել էր, որ իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել էին տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ:

 

Ժամանակ առ ժամանակ սրվող Թուրքիա-Իսրայել հարաբերություններում օրակարգ է բերվում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, եւ որպես դամոկլյան սուր կախվում Անկարայի գլխին: Բացառություն չէր, երբ 2017 թվականի վերջին ԱՄն նախագահը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին։  Էրդողանը տարբեր խողովակներով քայլարշավ սկսեց, արդյունքում՝ Իսրայելի հասարակական եւ քաղաքական շրջանակներն սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն չընդունելու պատճառների մասին:

Ինչո՞ ւ է մշտապես ցեղասպանության ճանաչման հարցը օգտագործվում որպես մահակ Իսրայելի արտաքին քաղաքականության կողմից: Իսրայելագետ Կարեն Վերանյանն այս համատեքստում կարեւորում է հայ-իսրայելական կապերի ամրապնդումը, ինչը կնպաստի, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չդառնա իրավիճակային քաղաքական միջոց կամ գործիք:

 

Իսրաելի եւ Ադրբեջանի միջեւ չնայած զարգանում է համագործակցությունը ռազմատեխնիկական, տնտեսական ոլորտներում, բայց կան որոշակի խնդիրներ, եւ  ՀՀ կարող է  օգտագործել այդ ամենը՝ փորձելով դիվիդենտներ ստանալ Իսրայելի հետ հարաբերություններից եւ ինչ-որ առումով զսպել Ադրբեջան-Իսրայելի ռազմատեխնիկական եւ առհասարակ ընդհանուր համագործակցությունը: Իսրայելում քաղաքական եւ հասարակական օրակարգում, եթե բարձրացվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, բնականաբար, իրավիճակային, նպատակային հնարավորություններ կարող է տալ, բայց, ռազմավարական առումով, այս փուլում,  ցավոք սրտի, Իսրայել պետության ղեկավարությունը պատրաստ չէ ճանաչել: 

 

Երուսաղեմաբնակ Հակոբ Անդրեասյանը հայ- իսրայելական հարաբերությունների մերձեցման հույսեր չունի։ Երբ Իսրայելը ցանկանում է ինչ-որ բան հասկացնել Թուրքիային եւ Ադրբեջանին, օգտագործում է հայկական գործոնը՝ շեշտում է։

«Իմ կարծիքով, այսքան հետեւել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այդքան էլ հարկավոր չէ։ Որքան հետեւենք՝ իրենք այդքան կօգտագործեն այն իրենց շահերի համար: Իսրայելի ժողովուրդը գիտի եւ ընդունել է ցեղասպանութունը: Մնացածը քաղաքական հարց է, որը կապված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Քանի դեռ նրանց հարաբերությունները լավ են՝ մենք հույս չենք կարող ունենալ»:   

Հակոբ Անդրեասյանը, խոսելով դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը Իսրայելում տեղի ունեցած Հրեա ուսանողների համաշխարհային միության կազմակերպած Համաշխարհային 44-րդ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, հույս հայտնեց, որ ապագա քաղաքագետները, պատմաբանները, պետական այրերն այսօր դատապարտում են տեղի ունեցածը, եւ  մարդու իրավունքները  հանուն դիվանագիտական շահի չպետք է բանակցությունների առարկա լինի՝ անկախ հանգամանքներից:

Ի դեպ, օրերս իսրայելցի ականավոր գիտնական Յաիր Աուրոնը պաշտոնապես դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով հրապարակել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու վերաբերյալ փաստաթղթերը: Իսկ նախորդ տարի RTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «պատմական վիճահարույց» հարց էր, և դրա չճանաչումը պայմանավորված է ոչ այնքան Թուրքիայի, որքան առաջին հերթին Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական հարաբերություններով:

Back to top button