Քաղաքական

Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը՝ հունվարի կեսին

Ղարաբաղյան խնդրում հնարավոր զարգացումների մասին կարծիքները տարբեր են. ոմանք կարծում են, թե սրացումներ կլինեն, որոշ փորձագետներ էլ գրեթե համոզված են, որ իրավիճակը չի սրվի, քանի որ Ալիևը նախագահական ընտրություններին լուրջ մրցակից չի ունենա:

Ղարաբաղյան խնդրով բանակցություններից որևէ առաջընթաց չպետք է սպասել այս տարի` համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Առաջընթաց չի լինի, բայց չի լինի նաև պատերազմ, ինչի ականատեսը եղանք 2016 թվականի ապրիլին: Դա չի նշանակում, թե կրակոցներ չեն գրանցվի։ Իհարկե կլինեն՝ ասում է:

Դա Ադրբեջանի վարած ռազմավարությունն է,  ինչը չի փոփոխվի։ Հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները, և ոչ միայն, հնարավոր է որոշակի լարվածություն գրանցի սահմանագոտում:

«Դե Ադրբեջանում ընտրություններն ընտրություններ չեն, հասկանալի է: Այն սուլթանական երկիր է, որտեղ իշխանությունը չի փոխանցվում: Բայց  որոշակի սրացում ընտրությունների ընթացքում  փորձված և փորձարկված գործիք է, այդ թվում՝ նախընտրական ռազմավարության շրջանակներումՆման բան կարող է տեղի ունենալ: Սակայն նման բան կարող է տեղի ունենալ նաև որոշակի այցերի, նախագահների ու ՄԽի հետ հանդիպումների ժամանակ, Ադրբեջանում սոցիալտնտեսական, ներքաղաքական իրավիճակը սրվելու ընթացքում: Բաքվի իշխանությունների համար ղարաբաղյան խնդիրը գործիք է ներքին սրացումները կառավարելու համար»:

2017-ին հաջողվեց խուսափել լարվածությունից։ Թե որքանով կհաջողվ դա անել այս տարի՝ դեռ վաղ է կանխատեսել՝ ասաց:

Ի տարբերություն քաղաքագետ Իսկանդարյանի՝ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը գրեթե համոզված է՝ ընտրությունների շրջանում սահմանագոտում լարվածություն չի գրանցվի, քանի որ  Բաքվում ամենայն հավանականությամբ ներքաղաքական իրավիճակը լարված չի լինի. Ալիևը լուրջ մրցակից չի ունենա՝ ասում է:


Ի դեպ՝ այս ամսվա կեսերին տեղի կունենա Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը, ինչի մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ սակայն չհրապարակելով հանդիպման վայրն ու օրը:

Ալեքսանդր Իսկանդարյանն այդ հանդիպումից որևէ ակնկալիք չունի: Այն թեմաները, որ քննարկվում են հանդիպումների ժամանակ, որևէ կապ չունեն խնդրի կարգավորման հետ:

Back to top button