Սուր շնչառական վարակների տարածվածությունը համահունչ է սեզոնին


Տոնական օրերին իրականացված մշտադիտարկան արդյունքներով սուր շնչառական վարակների և գրիպի տարածվածությունը համահունչ է սեզոնին: Հիվանդների դիմելիությունը հիմնականում եղել է Երևանում։ Ներկայումս մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում հոսպիտալացված 360 հիվանդների մեծ մասը` 0-2 տարեկան երեխաներ են:
Անհրաժեշտ բուժման արդյունքում բոլորի մոտ առկա է լավացման դրական շարժընթաց: Նշված օրերին արձանագրվել է շտապ օգնության 81 կանչ, գրեթե նույնքան` որքան մեկ տարի առաջ: Կանչերը մեծամասամբ տրվել է մեծահասակների համար՝ պայմանավորված սուր շնչառական վարակներով: Հանրապետությունում այս օրերի ընթացքում շրջանառել են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.
— խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
— եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
— մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
— հագնվե´ք եղանակին համապատասխան,
— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
— հետևե´ք անձնական հիգիենային: