Քաղաքական

Հակառակորդը տարբեր ձևեր է մտածում զինվորին խոցելու համար. Մ. Հակոբյան


Առաջնագծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողը որևէ խախտում չի կատարել, իսկ դեպքի մանրամասները կպարզի քննությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ  Մովսես Հակոբյանը:

«Փաստ է, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի կողմից: Զինծառայողին օգնության է շտապել հրամանատարը, որը նույնպես վիրավորվել է: Օպերատիվ խմբի մեքենան, որը մեկնել է դեպքի վայր` պարզելու հանգամանքները, ընկել է կրակի տակ: Այստեղ ևս մեկ զինվոր վիրավորվել է»,- ասաց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ զինծառայողները թեթև վիրավորում են ստացել:

Հակոբյանը խոսեց նաև օգնության մեկնած սպայի մասին: «Ուզում եմ առանձնացնել սպայի սխրագործությունը, նա մեկ վայրկյան չի մտածել, նետվել է` իր զինվորի կյանքը փրկելու: Հակառակորդը տարբեր ձևեր է մտածում զինվորին խոցելու համար»,-ասաց Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էին,որ 2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Հակոբյանը անդրադառձավ նաև սահմանին տիրող իրավիճակին: Ասաց, որ Ամանորին հանգիստ է եղել, կրակոցները բավականին քիչ են եղել, որևէ միջադեպ բանակում չի արձանագրվել:

Back to top button