ՄիջազգայինՎերլուծական

Իրանում հեղափոխություն անելը բավական բարդ է. փորձագետ


Իրանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, ապակայունացում, կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա:

Այս համոզմունքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով հարևան Իրանում տեղի ունեցած ցույցերին: Նրա խոսքով՝ Իրանում բռնկված ցույցերն ու դրանց ավարտը մի մեծ գործընթացի սկիզբ է:

Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, մինչդեռ, դժվար է համարում կանխատեսումներ անելը, սակայն համոզված է, որ Իրանի ապակայունացմամբ շահագրգիռ պետությունների կողմից հյուսվող քաղաքական ծուղակների մեջ Իրանը չի ընկնի:

 

 

Իրանում ծավալված ցույցերը հրահրված են Արեւմուտքից եւ Արեւմուտքի գլխավոր նպատակը Իրանի ղեկավարության թույլ կողմերը ցույց տալն է, որն օգտագործելով հետագայում Արեւմուտքը պետք է պայքարի Իրանի իսլամական իշխանության դեմ՝ փորձելով հաստատել  այնպիսի իշխանություն, որը համահունչ կլինի արեւմտյան շահերին: Այս համոզմունքին է տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը:

«Կարող ենք ասել, որ Իրանում ցույցերի բռնկումը եւ դրանց ավարտը, դա ոչ այնքան ցույցերի ավարտն է, այլ մի մեծ գործընթացի սկիզբ»: Տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ Իրանում հեղափոխություն անելը բավական բարդ է՝ անգամ արեւմտյան հատուկ ծառայութնունների համար, չնայած որ՝ բնակչության շրջանում զգալի դժգոհություն կա իսլամական պահպանողական օրենքների գերակայությունից, սոցիալ-տնտեսական վիճակից:

«Իրանական ժողովրդի միասնականության զգացումը բավական բարձր է»: Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, թեպետ ակնհայտ է համարում, որ կան պետություններ, որոնք փորձում են Իրանում ներքին ապակայունացում հրահրել, սակայն, կարծում է, որ առայժմ դժվար է հետագա զարգացումների մասին տեսակետ հայտնել:

Չնայած ներքին որոշակի սոցիալ-տնտեսական դժգոհություն կա, բայց դա արդյունք է հենց այն սանկցիաների, որոնք անարդար կերպով կիրառվում են Իրանի դեմ՝ ձեւակերպեց Կարեն Խանլարյանը: Տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը նկատեց, որ Իրանում տեղի ունեցող ցանկացած խլրտուն-ապակայունացում բնականաբար բացասաբար է անդրադառնում Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին իրավիճակի վրա: Ըստ նրա՝ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են անգամ ազդել ղարաբաղյան հակամարտության վրա:

«Իրանում ցանկացած ապակայունացում բերում է հատկապես տարածաշրջանում կոնֆլիկտի սրման նոր օջախների առաջացմանը: Խոսքը կարող է անգամ վերաբերել ղարաբաղյան հակամարտությանը: Տարածաշրջանային ապակայունացած ֆոնը օգտագործելով՝ ադրբեջանական իշխանությունները կարող են օգտվել առիթից, պատերազմ սանձազերծել Ղարաբաղում»:

Փորձագետը նշեց, որ եթե Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, հավանական է, որ Իրանից փախստականներ լինեն, որոնց թիվը կարող է այնքան մեծ լինել, որ Հայաստանը ի վիճակի չլինի այդքան փախստական ընդունել: Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, մինչդեռ, չի կարծում, որ զարգացումները կարող են նման հունով գնալ՝ թեպետ շահագրգիռ ուժերը շարունակելու են փորձել Իրանին տարածաշրջանային քաղաքական ստատուս-քվոյի համատեքստում ինչ-որ քաղաքականություն պարտադրելը: Նրա փոխանցմամբ՝ կլինեն քայլեր, որոնք կմեղմեն նաեւ Իրանի բնակչության շրջանում առկա սոցիալ-տնտեսական դժգոհությունները:

Back to top button