Հասարակություն

Արտավան. հայկական Շվեյցարիայի ոչ շվեյցարական հոգսերը

Վայոց ձորի Արտավան գյուղը լեռներում ծվարած չքնաղ մի անկյուն է: Բնությունը շռայլ է գտնվել իր բնակիչների հանդեպ, բայց միայն բնությամբ չես ապրի, չես կշտանա՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում իրենց մտահոգություններն են փոխանցել արտավանցիները:

Գյուղ տանող անբարեկարգ, դժվարանցանելի ճանապարհից սկսած՝ վերջացրած տարրական պայմանների ու աշխատատեղերի բացակայությամբ. խնդիրներ են, որոնց պատճառով գյուղում ապրելը չի տեղավորվում երիտասարդների ապագա ծրագրերում:

Օրվա հացից ավելին ստեղծել  չի հաջողվում։ Զբոսաշրջային եւ գյուղի զարգացման մի շարք ծրագրեր բարձրագոչ խոսքերով ներկայացվում են, սակայն այդպես էլ մնում որպես ծրագիր:

Ամանորյա այցի բերումով հյուրընկալվում եմ Արտավան գյուղում: Հյուրընկալ օջախում՝ սեղանի շուրջ, հանդիպում եմ մի ողջ դասարանի: Բայց… ողջ դասարանն ընդամենը 6 հոգի է: Արտավանում սա զարմանալի չէ. այստեղ անգամ մեկ աշակերտով դասարան կա: Հյուրընկալող Սասուն Վարդանյանն ավագանու անդամ է, նաեւ՝ ուսուցիչ:


Գյուղի միակ դպրոցի աշակերտների թիվն անկախացումից ի վեր պակասել է եռակի-քառակի՝ 90-ից 25-ի ու դեռ կպակասի՝ ցավով նկատում է: Սասունն իր ներկան տեսնում է գյուղում, իր երեխաների ապագան՝ ոչ:

«Փոփոխությունը կատարվել է դեպի վատը, վատթարագույնը: Վերջին 28 տարվա ընթացքում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, գյուղի ուղիղ կեսը փակել է դուռն ու լուսամուտն ու գնացել գյուղից ընտանիքներով»:

Վայքի տարածաշրջանի այս գյուղը զուր չեն երբեմն անվանում Հայաստանի Շվեյցարիա: Որ սեզոնին էլ լինես ու որ կողմ էլ նայես՝ Արտավանի բնությունը, անտառները, պատմամշակութային կոթողները հիացնում են: Բայց բնությամբ չես կշտանա, կյանքդ չես լցնի՝ ասում են արտավանցիները: Խորհրդային տարիներին մինչեւ 130 տնտեսություն ունեցող շեն  գյուղն այսօր 50-52 ընտանիք ունի: Խոշորացումը, որոշ ծրագրեր որոշակի հույս տալիս են, որ երիտասարդներն իրենց ապագան գյուղից դուրս չեն փնտրի: Բայց հույսն էլ քիչ է՝ ասում է զրուցակիցս:

«Չկա»-ները շատ են, այդքան չթվեմ: Գյուղում կա դպրոց եւ գյուղապետարան: Վերջ, ուրիշ ոչ մի բան: Աշխատանքի տեղի մասին չեմ էլ ասում: Երեխաների համար՝ ոչ մի բան: Անտառով, ջրերով, անասնապահության պայմաններով, հողով։ Այնպիսի հնարավորություններ ունի Արտավանը, որոնք օր առաջ չօգտագործելը ոչ միայն ցավալի է, այլեւ ճակատագրական»:

Զալիբեկ պապն իր ողջ կյանքը՝ ավելի քան 80 տարի, անցկացրել է Արտավանում՝ իր հողին կառչած, իր հողը սիրելով: Տարիների իմաստնությամբ հանդերձ՝ հիմա մնալու-գնալու հարցերից շփոթված է, վիճակով՝ մտահոգված: Հանուն ինչի՞  մնալ ու ինչի՞ պատճառով գնալ՝ հարցնում եմ:

«Մնալ հանուն ծնողների, տատ  ու պապի գերեզմանի, ուրիշ ոչ մի բան: Աշխատանքն էլ, որը կա, գյուղական աշխատանք է, ոնց որ ձրի աշխատես: Բայց այն երիտասարդները, որ գնում են, մտածում են, թե դրսում աշխատանքն ավելի լավ է: Մանկապարտեզ էլ չկա: Դպրոցն էլ, ոնց ասեմ, դասատուն կով էլ է պահում, ոչխար էլ, դաշտավարությամբ է զբաղվում: Նա ժամանակ չունի կարդալ ծրագիրը, որ դրանով սովորեցնի երեխաներին: Ուսումը պիտի շարունակեն, ու գյուղից դուրս էլ ապրեն: Իսկ ես չեմ թողնի գյուղը, էստեղ էլ պիտի մեռնեմ»:

Հյուրընկալ սեղանը գյուղական համեղ ուտեստներով լիքն է, ու Զալիբեկ պապը սիրով հրավիրում է բոլորին Արտավան: Գան, հիանան, հյուրասիրվեն ու պատվով ճանապարհվեն:

«Կհյուրասիրեմ բոխի՝ պողիկ ենք ասում, հորած պանիրը, բարբառով՝ խորած պանիր, իմ ձեռքով արտադրած կաթը, մածունը, իմ ձեռքով պահած ոչխարը, որի միսը շատ համով է: Դրսից եկածը համով չէ»:

Վերադառնանք գյուղի երիտասարդներին, որոնք ամանորյա սեղանի շուրջ կիսվում են անցած ամառ դպրոցն ավարտելուց հետո իրենց ձեռքբերումներով, կյանքի փոփոխություններով: Ինձ հետ զրույցում փոքր-ինչ լարվում են, ընտրում են խոսքերը, դժվարությամբ, բայց հստակ նկատում՝ գյուղում մնալն ապագայի ծրագրերում կարծես չի տեղավորվում: Տիգրանը ծառայում է, Հայկն ու Էդգարն օրերս են զորակոչվելու, Անին ուսանող է դարձել, Արտակն ու Արամը դեռ գյուղում են: Գյուղում ծնված, ապրած զրուցակիցներս մանկության վառ հուշերին հավասար դժվարություններն են հիշում,  պատկերացնում ապագան: Գյուղո՞ւմ, թե՞ գյուղից դուրս՝ հարցնում եմ:

Անին դասարանի միակ աղջիկն է եղել: 5 դասընկերներս իմ պաշտպանն են եղել, ուրիշ աղջիկ լիներ, երեւի այդքան լավ չանցնեին դպրոցական տարիները՝ ասում է ու ծիծաղում: Նրա ասածն անմիջապես հաստատում եմ տղաները: Բայց Անին մտահոգություններ էլ ունի: Գյուղում նույնիսկ հագուստ գնել չես կարող:

Եղբոր ու նրա դասընկերների հետ զրույցին հետեւում է տանտիրոջ մյուս որդին՝ տասնհինգամյա Դավիթը:


Երեւանում հաճախ է լինում, համեմատությունները մայրաքաղաքի կյանքի օգտին են, բայց՝ ոչ մայրաքաղաքի բնակիչների: Ու դրանից վրդովվում է: Դավիթը գյուղի զարգացման իր պատկերացումն ունի, օրինակ՝ վաճառքի հանել Արտավանի համեղ ուտելիքները:

Դավիթն էլ մյուսների նման կցանկանար գյուղում մնալ, բայց «բայց»-երն ու «եթե»-ներն են չափազանց շատ:

Back to top button