Միջազգային

Ո՞ւր են տանում Անկարայի ե՛ւ-ե՛ւ-ի մանևրումները


Այս տարվա հենց սկզբից Անկարան ակտիվ ջանքեր է գործադրում ԵՄ հետ սառած հարաբերությունները փոքր-ինչ ջերմացնելու ուղղությամբ:

Երկու օր առաջ Ֆրանսիա էր ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը, իսկ Գերմանիա՝ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Վերլուծաբանները նկատում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելուց հետո Անկարան այժմ էլ դեմքով շրջվում է դեպի ԵՄ:

Վերջինս կարծես նույնպես դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն լիիրավ անդամակցության հարցում Ֆրանսիան կարծես շարունակում է նախինում որդեգրած քաղաքական գիծը:

Չնայած խորը տարաձայնություններին՝ Անկարան փորձում է այսպես ասած հույսը չդնել միայն Մոսկվայի հետ հարաբերությունների ջերմացման վրա: ԵՄ հետ փոխհրաձգություններից հետո այդ երկիրը դարձյալ դեմքով փորձում է շրջվել դեպի Եվրոպա։ Դրա մասին են վկայում տարեսկզբին Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ֆրանսիա ու արտգործնախարար Չավուշօղլուի այցը Գերմանիա:

Չնայած մեծ սպասելիքներին՝ Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպման ավարտին կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարեց, որ չկա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության որևէ հնարավորություն:

Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունը, բնականաբար, նյարդայնացրեց Էրդողանին։ Նա նշեց, որ Թուրքիան արդեն հոգնել է ԵՄ անդամակցելու շարունակական ջանքերից:

Գերմանիայում էլ կայացած՝ արտգործնախարարների՝ Մեւլութ Չավուշօղլու- Զիգման Գաբրիել հանդիպման արդյունքներով, թվիթերյան իր էջում գերմանացի նախարարը գրել է, որ չնայած տարակարծություններին և երկու երկրների միջև առկա բարդ թեմաներին, ցանկություն կա ընդհանուր լեզու գտնել և վստահություն կառուցել:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի կարծիքով՝ Անկարան Մոսկվայի հետ հարաբերությունները ջերմացնելուն զուգահեռ փորձում է կարգավորել հարցերը նաև ԵՄ հետ, ինչը բխում է նաև Բրյուսելի շահերից ձայն Այցերին կհաջորդեն, ըստ նրա, բանակցությունները, ինչից հետո ԵՄ-ն ու Անկարան սակարկությունների կգնան, իսկ առեւտրի թեման կլինի փախստականների հարցը:

Այդուհանդերձ՝ զգուշավորությանը զուգահեռ ԵՄ չի պատրաստվում գրկաբաց ընդունել Թուրքիային ու նրան շնորհել՝ երազած լիիրավ անդամակությունը: Նման բան չի լինի՝ համոզված է թուրքագետը. «Անկարային ձեռքից բաց թողները ձեռնտու չէ Ֆրանսիային և ընդհանրապես ԵՄ-ը՝ «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում կարծիք հակտնեց Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Անկարան շատ լավ հասկանում է, որ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները բավարար չեն, և այդ երկիրը չի ուզում ԵՄ համար վատ աշակերտի դերում լինել: Անկարան հասկանում է, որ Ֆրանսիան ու Գերմանիան կարևոր երկրներ են։

«Էրդողանը տկար կեցվածքով եկավ և ոչ զորավոր: Մակրոնի կեցվածքն այն է, որ բոլոր հարցերում ներկայություն ունենա»:

Ի դեպ՝ Կայծ Միանասյանը կարևորեց նաև ֆրանսիացի լրագրողի հետ Էրդողանի վեճից հետո Մակրոնի արձագանքը: Խոսքը` Սիրիա ուղևորվող թուրքական բեռնատարների մեջ զենքի հայտնաբերման հարցի մասին էր, որից հետո Էրդողանը նյարդայնացած սկսվել էր վիճել լրագրողի հետ։

Ավելի ուշ՝ նախագահ Մակրոնը հայտարարել էր մարդու իրավունքների պաշտպանության Ֆրանսիայի հավատարմության մասին՝ այդ կերպ մեսիջ հղելով թուրք պաշտոնակցին, թե Էրդողանի՝ երկրի ներսում վարած քաղաքականությունը չի կարող Փարիզի հավանությանն արժանանալ։

Back to top button