Հասարակություն

Ապրիլի 1-ից ՀՀ-ում կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը

Աջ ղեկով մեքենաների ներմուծման և անվանափոխման արգելքի դեմ երեկ Էրեբունու ավտոշուկայից մեկնարկած ավտոերթն այսօր արդեն բողոքի ցույցով շարունակվում է կառավարության շենքի դիմաց:

«Աջ ղեկ նախաձեռնության անդամների պահանջը շարունակում է մնալ նույնը՝ չեղարկել նախագիծը:

 

 

 

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն ու աջ ղեկով մեքենաներ վարող վարորդներն են հավաքվել կառավարության շենքի դիմաց: Պահանջն անփոփոխ է՝ չեղարկել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագիծը:

Մինչ նախագծին դեմ արտահայտվողները մանրամասնում են փաթեթում առկա թերությունները, նրանց մոտեցավ տրանսպորտի, կապի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ու նախաձեռնության անդամներին տեղեկացրեց, որ նրանց առաջարկությունները նախարարությունում քննարկել են և  նախաձեռնության անդամների կողմից արված կառուցողական մոտեցումներն ընդունվել:

Նախագծի լրամշակված  տարբերակն էլ  տեղադրված է e -draft.am կայքում:

Վերահաշվառման արգելքը հանվել է: Սակայն դա չի նշանակում, որ պայքարն ավարտված է՝ նշեց վարորդներից Արամ Մելիքջանյանը  ու հայտարարեց՝ կա պահանջի երկրորդ մասը.

«Ապրիլի մեկից չպետք է արգելվի  աջակողմյան ղեկանիվով մեքենաների ներմուծումը»:

Վարորդների համար շարունակում է անհասկանալի մնալ նախարարության նման դիրքորոշման պատճառները, քանի որ, ինչպես գերատեսչությունն էր մեկնաբանում, եթե  սա արվում էր անվտանգությունից ելնելով, ապա  վարորդները պահանջում են ներկայացնել  աջ ղեկով մեքենաների վթարների վիճակագրությունը:

Մինչ  նախաձեռնության անդամները ներկայացնում էին աջ ղեկով մեքենաների առավելությունները, նախարարության  տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նախաձեռնության անդամներին առաջարկեց նորից հանդիպել: Սակայն վերջիններս ցանկանում էին հարցը քննարկել վարչապետի մակարդակով և պահանջում էին հանդիպել Կարեն Կարապետյանի հետ:

Ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկավ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, լսեց վարորդների մտահոգությունները: Ավելին, վարորդները ներկայացրեցին, թե ինչ կլինի այս նախագծի ընդունումից հետո երթևեկության վիճակի հետ:

Ալեքսանդր Ղազարյանն առաջարկեց դժգոհություններն իրեն ներկայացնել գրավոր:

Ակցիայի մասնակիցները որոշեցին բոլոր վարորդների դիտարկումներն այս նախագծի վերաբերյալ գրառել և այն վաղը ներկայացնել կառավարություն:

Back to top button