Վերլուծական

Ինչպես ճիշտ քայլել մեր ընտրած ԵԱՏՄ ու ԵՄ ինտեգրացիոն ճանապարհներով

Անցնող տարին Հայաստանում քննարկումների ու բանավեճերի պակաս չուներ, հատկապես բուռն բանավեճերի թեմա էր Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի արդյունքում սպասվող փոփոխությունների հարցը: «Ռադիոլուրը» ողջ տարվա ընթացքում հետևել է քննարկումներին։

Մի կողմից ՀՀ- ԵՄ նոր համաձայնագիր, մյուս կողմից` Հայաստանի ԵԱՏՄ անդամակցություն:  Միաժամանակ` երկու ուղղություններով հարաբերությունների զարգացումը թվում է առատություն պետք է բերեր ՀՀ քաղաքացուն, սակայն իրականությունը մի փոքր այլ է:


Քաղաքագետ, Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի հեղինակ Գևորգ Մելիքյանը նոր հնարավորություններ է տեսնում  «և… և»- ում, բայց նաև ունեցածը  ճիշտ կիրառելու անհրաժեշտության մասին հիշեցնում: Եթե ունենաս անգամ հրաշագործ փայտիկ ու չհասկանաս, թե ինչպես այն պետք է գործի դնել, որևէ դրական փոփոխության չես հասնի:

«ՀՀԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կբերի, նոր գործիքակազմ կտա, ինչը կզարդարի բոլոր սեղանները, եթե իմանա ինչպես են օգտագործում այդ գործիքները: ԵԱՏՄի տալիքը դժվար է հասկանալ, այդ անդամակցության օգուտները դժվար է հասկանալ»:

Սեղանների առատությունը էական չէ Հայաստանի ապագայի հարցում, կարևորը՝ անվտանգության հարցն է՝ ասում է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Ոչինչ չի ավելացնի նյութական առումով փաստաթուղթը, Ամանորյան լուրջ խնդիր դարձած՝ խոզի բդի հարցը չի լուծի , բայց հնարավորություն կտա, անվտանգությունը կավելացնի»:

Մի րոպե, շատ ոգևորվել պետք չէ։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զգաստացնում է լավատեսներին, հիշեք, որ ԵԱՏՄ անդամակցությունը ամանորյա սեղաններից խլում է վրացական մանդարինը, իսկ աջ ղեկով մեքենաների տերերին սպառնում է զրկել ավտոմեքենայից:

Եթե այդպես է՝ եկեք դուրս գանք ԵԱՏՄ անդամակցությունից… և շատ մանդարին կուտենք, և աջ ղեկով մեքենաներ կունենանք: «Ելք» դաշինքն առաջարկում է հրաժարվել անընդհատ  խնդիրներ առաջացնող այդ միությունից: Գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը, սակայն, խորհուրդ չի տալիս այսօր բախվել Մոսկվայի հետ։ Եկեք մի քիչ էլ սպասենք մինչև ԵՄ-ի միջոցով ավելի տեսանելի դառնանք աշխարհին՝ ասում է:

Մինչ Հայաստանում դժգոհում են ԵԱՏՄ անդամակցությունից  ու մատնանշում զրկանքները, որ կրում ենք, Վրաստանի վարչապետը հայտարարում է, որ Լարին այլընտրանք է ուզում ստեղծել:

Ավելին՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով բեռների տարանցման համար շվեցարական ընկերության հետ Վրաստանը պայմանագիր ստորագրել է, Ռուսաստանն էլ կարծես դեմ չէ, համենայն դեպս այդպես վստահեցնում են ռուս փորձագետները: Այնպես որ, շուտով եւ ԵՄ- ից, եւ ԵԱՏՄ- ից Հայաստան առաքվող, կամ Հայաստանից այնտեղ առաքվող ապրանքների տեղ հասնելու համար եղանակը Վերին Լարսում, հուսանք նաեւ քաղաքական եղանակը տարածաշրջանում եւ աշխարհում, լուրջ ազդեցություն չի գործի։


Ավելի զուսպ կլինի ամանորյա սեղանը , թե՞  լեփ-լեցուն. հարցը կարևոր է այնքանով, որ հնարավորություն կտա հասկանալու, որ կարևորը խոզի բուդը չէ, այլ լավ տրամադրությունն ու լուսավոր ժպիտը: Սեղանների ճոխություն ավելացնելու փոխարեն ավելացնենք մեր ներսում  բարությունն ու սերը: Թող հավատ,  հույս ու քաջություն պարգևի նոր՝ 2018 թվականը յուրաքանչյուրիս, բարիքով ու լույսով լցնի մեր տները: Այդ դեպքում, թերևս, գա նաև հասկացողությունը, թե ինչպես ճիշտ քայլել մեր ընտրած ԵԱՏՄ ու ԵՄ ինտեգրացիոն ճանապարհներով:

Back to top button