ԿարևորՔաղաքական

Կրճատվեց պատգամավորների, բայց ոչ դոլարային միլիոնատերի թիվը․ ԱԺ-2017

Խորհրդարանական կառավարման անցման ճանապարհին Հայաստանն այս տարի կորցրեց 26 պատգամավորի։ Նրանց թիվը 131-ից կրճատվեց 105-ի: Տնտեսումներն սկսվեցին հենց այստեղից, տնտեսվեց կրճատված պատգամավորների աշխատավարձը, ԱԺ շենքում պակասեցին խորհրդականների եւ օգնականների հաստիքները:

Այսքանով հանդերձ, սակայն, խորհրդարանը չկորցրեց իր դոլարային միլիոնատեր-պատգամավորներին: Այս խորհրդարանում նրանց թիվը 11-ն է:

Ամենահարուստների ցանկը շուրջ 19 միլիոն դոլարով շարունակում է գլխավորել Գագիկ Ծառուկյանը՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը։ Ցանկը եզրափակում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Պատգամավորների ունեցվածքը հաշվարկվել է իրենց իսկ կողմից ներկայացված հայտարարագրերով։

«Ունեւոր» պատգամավորներից 7-ը հանրապետական կուսակցությունից են, 4-ը՝ «Ծառուկյան» դաշինքից: Ոչ Դաշնակցությունը, ոչ էլ «Ելք» դաշինքը չունեն այդպիսի «ունեցվածք»:

«Չկա լիմոն մանդարին՝ դատապարտեմ այսպիսի նոր տարին: 5 կգ մանդարինի համար 4 կգ փաստաթուղթ է պետք»։

Սոցիալ-տնտեսական իրավիճակի գիտակներ՝ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանն ամենահարուստների ցանկում չկան:

Շարքային քաղաքացու դիրքերից խոսելու նրանց ցանկությունը անկանխատեսելի հանգուցալուծում ստացավ: Այս երկու պատգամավորը տարեվերջին ամենաքննադատվածն էին: Հենց նրանք էին, որ սովորական կարտոֆիլը մտցրեցին մեր քաղաքական օրակարգ:

Բոլոր քաղաքական հարցերը՝ մի կողմ, բայց այս մեկի հետ համամիտ չէ պատգամավոր- գեներալ Սեյրան Սարոյանը:


«Մենակ կարտոֆիլով նոր տարի չենք անի, ով ինչ ունի թող բաժանի մարդկանց»։

Ամեն դեպքում՝ երեւում է՝ նոր խորհրդարանում աշխատելն այդքան էլ հեշտ չէ:  Եղել են բողոքի ցույցեր ԱԺ մոտ, եղել են ընդվզումներ հենց ԱԺ-ում՝ ընդդիմադիրների գրոհների տակտիկական քայլերին խորհրդարանական մեծամասնությունը դեռ պատրաստ չէր, խորհրդարանի ղեկավարությունը՝ չզիջելով նախորդին, երբեմն հայտնվում էր խառնաշփոթի մեջ:

Այս խորհրդարանում դեռեւս շարունակվում է «դիրքերի պայքարը»՝ ով ում պետք է հարգի եւ ով է ում ենթական: Խոսքը ԱԺ-կառավարություն փոխհարաբերությունների մասին է:

Միքայել Մելքումյան․«Սեպտեմբերից մինչ այսօր 25 տոկոսով պակաս ենք աշխատել:  Կառավարությանը դիմենք նորմալ աշխատի»։

Ի դեպ, եկող՝ 2018-ին այս խորհրդարանն ունի կարեւորագույն առաքելություն՝ վարչապետ եւ նախագահ պետք է ընտրի: Արդյո՞ք ընտրակաշառքը գործոն կդառնա նաեւ այս ընտրություններում՝ խորհրդարանական բարքերին ամենալավը տիրապետում է թերեւս ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Ապրիլի 2-ից՝ ձեւավորման պահից մինչ այսօր այս խորհրդարանն արդեն ընդունել է 311 օրենք: Դրանց շարքում՝ մի շարք աղմկահարույց օրինագծեր, որոնցից մեկը՝ տարկետման իրավունքը սահմանափակող օրենքը բողոքի պատճառ դարձավ:

Այս խորհրդարանի կարճատեւ պատմության մեջ արդեն կան նաեւ ձեւավորված ավանդույթներ եւ որոշակի օրինաչափություն՝ ամենաշատ կողմ քվեարկած 5 պատգամավորները հանրապետական խմբակցությունից են, ամենաշատ դեմ քվեարկածները՝ «Ելք»-ից , իսկ ամենաշատ ձեռնպահը՝ չկողմնորաշվածները կամ չեզոքները «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են:

Back to top button