Քաղաք, որտեղ համառորեն հավատում ու շարունակելու են հավատալ Ձմեռ պապիկին


Քաղաք, որտեղ կարողանում են զարմացնել ու անվերապահորեն հավատալ Ձմեռ պապին՝ անկախ տարիքից՝ Գյումրի:
«Եթե չհավատայինք, 30 տարի ինչպես կապրեինք այն ժամանակավոր վագոն-տնակներում, որոնց պիտանիության ժամկետն ընդամենը 2-3 տարի էր»,-կատակում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Վագոն տնակներում ոչ միայն ապրում են, այլև աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ծնում, ծնում արվեստագետներ, գիտնականներ, զինվորականներ, որոնք երկրի գլխավոր երակն են դառնում ու թարմ արյուն մատակարարում:
Ռադիոլուրի տարեվերջյան անդրադարձը նվիրված է արվեստների ու արհեստների, հերոսների ու չեմպիոնների, իսկ եթե ավելի դիպուկ՝ ամենահամառների քաղաքին՝ Գյումրիին:
Մշակույթով գերհագեցած մայրաքաղաքից 2017-ին մշակութային էպիկենտրոնն ավելի ու ավելի հաճախ էր տեղափոխվում հանրապետության երկրորդ քաղաք, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ հայրաքաղաք Գյումրի:
Մշակութային սիրտն այստեղ բաբախում էր հատկապես Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Դրա մեղավորները թատրոնի ղեկը 2017-ին ստանձնած երկու խենթ երիտասարդներն էին՝ գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Գյումրու թատրոնի մասին հրաշքներ են պատմում, ինչպես հաջողվեց իրականացնել այդ հրաշքը, հարցիս տնօրենն արձագանքում է գյումրեցուն հատուկ՝ առանց ավելորդ համեստության:
«Երբ թիկունքիդ կա նման կոլեկտիվ, ամեն ինչ հնարավոր է»:
«Գյումրին միշտ է մշակույթով ապրել, բայց վերջին իրադարձություններն ավելի են աշխուժացրել քաղաքի մշակութային կյանքը»,-ասում է թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Իսկ նրա մատնանշած «վերջին իրադարձությունների» թվում, իհարկե, նախ «Կումայրի» պատմամշակութային տարածքի, այսպես ասած՝ հին Գյումրու վերականգնման ծրագիրն էր:
Գյումրեցիների բնորոշմամբ՝ «բուլկի» քարերով վերակառուցված «Ռուսթավելի» փողոցում այսօր անընդհատ զբոսաշրջիկների կհանդիպեք:
«Նրանց շքեղ հյուրանոցներով զարմացնել չենք կարող, զարմացնում ենք հին Գյումրվա կոլորիտով»,-ասում է գյումրեցի զրուցակիցս: 2017-ին Գյումրու նշանավոր իրադարձություններից էր նաև «Հոկտեմբեր» կինոթատրոնի վերանորոգումը Գյումրին ու Ամանորը:
«Այն ինչ կապված է հյուրասիրության, հյուր գնալու և հյուր ընդունելու հետ, խիստ գյումրիական է: Այստեղ դեռ պահպանվում է յոթ որդով սեղան նստելու ավանադույթը, իսկ սեղան նստում են միայն ընտանիքի ավագից հետո»,-նկատում է զրուցակիցս: Գյումրեցու՝ Ամանորի պարտադիր ճաշացանկի մասին:
«Չեք կարող չէ Երևանում գնալ մի վայր, որտեղ 35-ամյա կինը երկու ձեռքով ճեղքում է կովի գլուխը, և դուրս է սպրդում կովի լեզուն, որը շատ համեղ է». գյումրեցի զրուցակցիս գովազդային հիմնավորումն է:
Գյումրեցիները հավատում ու շարունակելու են հավատալ Ձմեռ պապին, որովհետև դեռ 1500 ընտանիք ապրում է վագոն-տնակներում ու մեծ, շատ մեծ ակնկալիք ունեն Ձմեռ պապից ու 2018 թվականից: