Հասարակություն

2017-ին միգրանտների թիվն անցել է 40 հազարի շեմը


Ժողովրդագրական վիճակի վերաբերյալ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում տնային տնտեսությունների 35 տոկոսից ավելին վերջին 3-4 տարիների ընթացքում ինչ-որ ձևով մասնակցել է միգրացիոն գործընթացների, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Ուսումնասիրության տվյալների համաձայն՝ 2016-ի համեմատ, 2017-ին միգրացիան 2.5 տոկոսով աճել է. միգրանտների թիվը անցել է 40 հազարի շեմը:

Հայաստանից միգրացիոն հոսքերը շարունակում են զանգվածային բնույթ կրել: Նախորդ տարվա համեմատ 2 տոկոս աճ է նկատվել: Վիճակագրությունն այսօր  լրագրողներին ներկայացրեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Ասաց, որ 2018 թվականին ծնելիության ավելի ցածր մակարդակ է գրանցվելու, քան այս տարի:  Ըստ Եգանյանի, վերարտադրողական տարիք են մտել 90-ականների կեսերին ծնվածները, որոնք թվաքանակով քիչ են:

Եգնայանը ասում է, որ միգրացիոն հոսքերի համար արտաքին լուրջ գործոն հանդիսացել է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը: Օրինական հիմունքներով, պայմանագրերով արտերկրում աշխատելու հեռանկարը գայթակղել է հազարավոր մարդկանց:

Հետևաբար, միգրացիոն հոսքերի զգալի մասը բաժին է հասնում Ռուսաստանին: Սակայն ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ասում է, որ միգրացիան այսօր մեր երկրում ժառանգական բնույթ է կրում, ու կապ չունի այդ ընտանիքը  ապրում է լավ պայմաններում, թե ոչ:

Ազգագրագետի  հետ համաձայն  է նաև մեր մյուս զրուցակից Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք  գյուղի բնակիչ  Ձայնիկ տատիկը: Նա այսօր արդեն խոպան է ճանապարհում իր ծոռներին:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը սակայն նկատում է, որ միգրացիայի տնտեսական ներուժը շարունակում է նվազել՝ չնայած, տրանսֆերտներն աճել են:  Ըստ նրա՝ միգրացիան այլեւս աղքատությունից խուսափելու միջոց չէ, քանի որ  բազմաթիվ ընտանիքներ կան, որոնց սոցիալ-տնտեսական վիճակը միգրացիայի արդյունքում ոչ թե բարելավվում է, այլ հակառակը՝ վատթարանում:

Ու  եթե նախկինում միգրացիան գոյատեւման ռազմավարություն էր, ապա  այսօրվա դրությամբ այն վտանգներ է պարունակում:

Back to top button