Հասարակություն

Բարի Ձմեռ պապը կրկին սահմանամերձ գյուղերում էր


Ամանորին, ամանորյա հեքիաթին ու Ձմեռ պապի գալուստի ակնկալիքով են սպասում մանուկները:

Ասածիս հավաստիքը Տավուշի մարզի Բաղանիս գյուղում այս օրերին կազմակերպված փոքրիկ բարեգործական ամենամյա ակցիան էր, որի ընթացքում Ձմեռ պապն ուղևորվել  էր սահմանամերձ գյուղ՝  թոռնիկներին անձամբ նվիրելու իրենից խնդրածը:

 

Արդեն ավանդույթ է՝ Ամանորի նվերների բաշխումը սկսվում է Ձմեռ պապին ուղղված նամակով։

«Բարև, հարգելի՛ Ձմեռ պապիկ: Ես ամեն տարի մեծ ոգևորությամբ սպասում եմ Ձեր գալուն: Սիրելի, Ձմեռ պապիկ, ես շատ եմ ուզում և խնդրում եմ ձեզնից զգեստապահարան՝ իմ  հագուստները  դասավորելու համար, ինչպես նաև անկողնային պարագաներ՝ փափուկ վերմակ, նաև խնդրում եմ տոնական զգեստ՝ հանդեսների ժամանակ  հագնելու և գեղեցիկ ներկայանալու համար: Կանխավ շնորհակալություն: Մեծ սպասումներով Նանե Ավագյան: Ձմեռ պապ, այնքան ոգևորվեցի, որ կոնֆետները մոռացա»: 

Նամակի հեղինակը Տավուշի մարզի Բաղանիս գյուղի  բնակիչ 7-ամյա Նանե Ավագյանն է:  Սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքի փոքրիկի համար ցանկությունները հասկանալի են։

Բաղանիս գյուղի փոքրիկների նամակներով է այս տարի ողողվել Santaclaus.am կայքը: Հավատում են Ձմեռ պապին ու խնդրել են իրենց  ցանկությունները դարձնել իրականություն: Բարի Ձմեռ պապն էլ, հատ առ հատ ծանոթանալով նամակներին, փորձել է  թշնամու գնդակոծությունները մշտապես հաղթահարող երեխաներին իր այցով  պարգևել  երազներն իրականություն դարձնելու բերկրանքը: Դժվարին ու երկար ճանապարհը հաղթահարելով՝ Ձմեռ պապը բարեգործական ամենամյա ակցիայի կազմակերպիչների հետ հասել  էր սահմանամերձ Բաղանիս:  Ջերմ ու հյուրընկալ ընդունելությունը չուշացավ:

Կազմակերպիչները երեխաներից առավել շատ էին ոգևորված փոքրիկների ուրախությամբ: Փոքրիկ Նանեն ոգևորությունից  չէր հասցնում բացել նվերները: Փափուկ անկողինը տեսնելուց հետո, ոչինչ այլևս հետաքրքիր չէր նրան: Հավատում էր ամանորյա հրաշքին  ու երազանքների իրականացմանը: Ձմեռ պապն այս տարվանը կատարեց:

Իր նման շատ փոքրերի  ցանկություններն էր ի կատար ածել: Արդեն 10 տարի է:

Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականից, երբ գտնվում էինք զինվորական ծառայության մեջ: Միտքը ծագել էր մեր  ընկերներից մեկի մոտ, որ կարողանանք  կազմակերպել նվիրահավաք Սիսիանի տարածաշրջանի  երեխաների համար և ամենակարևորը այն էր, որ երեխաները նամակներ գրեին Ձմեռ պապին և ոչ թե ուղղակի մենք  հավաքեինք նվերներ  անանուն, անորոշ նվերներ, և բաշխեինք երեխաներին, ինչը որ կատարվում է ամենուր:

«Այո ձմեռ պապը փաստորեն կարողանում է բոլորի ցանկությունները կատարել»,- ասում է կազմակերպիչներից Մակար Եղիազարյանը:

Back to top button