Մշակույթ

«Սառցե սիրտը»՝ Սունդուկյանում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր 95-րդ թատերաշրջանն ամփոփել է  տարվա ամենաշքեղ մանկական բեմադրության «տիտղոսին» հավակնող «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղով: «Սառցե սիրտը» բեմադրության հեղինակը Լիլի Էլբակյանն է:

Ներկայացման առաջին հանդիսատեսների թվում էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը թատրոն էր եկել իր զարմուհու և փոքրիկ քանոնահար Մերի Մուսինյանի հետ:

«Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ մշակույթի նախարարը ներկա է եղել մանկական բեմադրության պրեմիերային։ Սա արդեն շատ բան է ասում»,- «Սառցե սիրտը» ներկայացման պրեմիերային  նախորդած ճեպազրույցում ասաց Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, իսկ հանդիպմանը ներկա մշակույթի նախարարը հակադարձեց՝ եկել եմ երեխաների հետ, որովհետև նրանց կարծիքը վճռորոշ է լինելու։ Երեխաների կարծիքն արդեն ակնհայտ էր լեփ-լեցուն  դահլիճում. հիացած դեմքեր ու անսահման ոգևորություն: Տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով, «Սառցե սիրտը» ներկայացման համար ոչինչ չեն  խնայել:


«Սառցե սիրտը» ներկայացումը չի զիջում մեծերի համար բեմադրված գործերին։


«Իրականում պետք է փոխել թատերական բառապաշարում ընդունված «յոլկա անել» հասկացողությունը։ Այլևս «յոլկա» չենք անելու»։


Պետք է շատ լուրջ մոտենալ մանկական ներկայացումներին»,-ասաց տնօրենը, իսկ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հիշեց Ստանիսլավսկու խոսքը․

«Մեծերի համար պետք է լավ բեմադրել, իսկ փոքրերի համար՝ ավելի լավ»։

Մայր թատրոնն, ընդհանուր առմամբ, տարին ամփոփում է լավ ցուցանիշներով.


«Պետության առջև ստանձնած պարտավորությունները կատարել ենք հարյուր տոկոսով և ավելի»,-ասում է տնօրենը։ Ունեցել ենք չորս պրեմիերա՝  լեփ-լեցուն դահլիճներով։ 2օ18-ին նախատեսում են բեմադրել «Հարսնացուն հյուսիսից», «Սասնա ծռեր», «Ռոստամ և Զոհրապ» ներկայացումները։ Այժմ բանակցություններ են վարում երիտասարդական նախագծի շուրջ։ «Ամեն տարի փորձելու ենք պահպանել «առնվազն չորս պրեմիերա » սկզբունքը, ինչպես նաև ապահովել որակ, որակ, որակ»,-ընդգծում է Վարդան Մկրտչյանը։

 

Back to top button