Քաղաքական

Ինչ անել անբարեխիղճ պատգամավորներին նիստերի դահլիճ վերադարձնելու համար

6-րդ գումարման ԱԺ-ում քվեարկության նոր կարգ է սահմանվել՝ գործուղման մեկնած պատգամավորները գրություններ են թողնում, թե ինչպես են պատրաստվում քվեարկել այս կամ այն օրինագծի համար: Նրանց ձայները հետո ավելացվում են ընդհանուր քվեարկության ձայներին:

Բայց փաստացի ստացվում է այնպես, որ հեռակա կարգով քվեարկածները չեն իմանում, թե քննարկման ընթացքում ինչ փոփոխություններ են մտցվում նախագծում՝ ընդունելի՞ են դրանք, թե՞ ոչ:

Սա խնդիրներից մեկն է, որի վրա ընդդիմությունը պարբերաբար հրավիրվում է  խորհրդարանի ղեկավարության ուշադրությունը: ԱԺ ղեկավարությունը մեկ այլ խնդիր եւս պետք է լուծի՝ ինչ անի անբարեխիղճ պատգամավորներին նիստերի դահլիճ վերադարձնելու համար:

 

Անհարգելի բացակայող պատգամավորների հարցը խորհրդարանի աշխատանքի անբաժանելի եւ անլուծելի խնդիրներից մեկն է:  131 պատգամավոր, թե 105՝ տարբերություն չկա՝ բացակայողների թիվը գրեթե մնում է նույնը:

Նոր կարգի համաձայն, խորհրդարանի 9 մշտական հանձնաժողովները յուրաքանչյուր ամսվա վերջում հաշվետվություններ են ներկայացնում, թե որ պատգամավորներն են բացակայել աշխատանքից: Դեկտեմբերին դեռեւս բացակայություններ չեն արձանագրվել, որոշ հանձնաժողովներ էլ հաշվետվությունները դեռ չեն ներկայացրել։

Նոյեմբերին միայն մեկ հանձնաժողով էր փաստել բացակայությունների մասին: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն էր հրապարակել՝ հերթական թիվ 5-րդ նիստից անհարգելի բացակայել էին պատգամավորներ Արտակ Սարգսյանը եւ Արկադի Համբարձումյանը, երկուսն էլ հանրապետականից , երկուսն էլ՝ գործարար աշխարհում հայտնի:

Պատգամավորների ամենաշատ բացակայությունները արձանագրվել էին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այդ ժամանակահատվածի համար պատժվեց 18 պատգամավոր։ Ճիշտ է, որոշները հետո ԱԺ նախագահությանը ներկայացրեցին հիմնավորումներ եւ բացատրություններ ու բացակայությունները համարվեցին հարգելի: Խորհրդարանական կարգուկանոնին ընտելացնելու համար այս դեպքում «սանկցիաներից» ընտրվել է գումարային պատիժը՝ ով ինչքան բացակայել է, այդքան էլ պահումներ են արվել աշխատավարձերից՝ 22 հազարից մինչեւ 252 հազար դրամ:

Շա՞տ է դա, թե՞ քիչ:  Առաջին հերթին կախված է նրանից, թե ով է բացակայողը: «Parliamentmonitoring» մասնագիտացված կայքի հաշվարկների համաձայն՝ այսօրվա դրությամբ խորհրդարանական աշխատանքից ամենաշատ բացակայող պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է։

Նա միաժամանակ գտնվում է ամենահարուստ պատգամավորների ցանկում եւ խորհրդարանական աշխատանքից բացի զբաղված է նաեւ այլ աշխատանքներով: Իր բացակայությունների համար երբեւէ չի ստացել նկատողություն ԱԺ նախագահությունից։ Գոնե դրա մասին Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկություններ չունի:

Պատժամիջոցների սկզբնական ալիքով դրամական տույժի ենթարկված պատգամավորների ցանկում, ի դեպ շատ էին «ունեւոր» պատգամավորները: Օրինակ՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը եւ այդպես շարունակ:  Արդյո՞ք այս դեպքում դրամական պատժամիջոցները արդյունավետ են պատգամավորին աշխատեցնելու համար՝ «Ռադիոլուր»-ը հարցն ուղղեց 1998-ից 99 թվականներին ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին:

Իսկ մինչ բարոյականությունը կփորձի հաղթել խորհրդարանում՝ լիագումար նիստերի աշխատանքների ժամանակ պարբերաբար կրկնվում է նույն պատկերը, երբ պատգամավորները գրանցվում են գործընկերների փոխարեն ու սկսում քվեարկությունների ժամանակ ապահովել մի քանի ձայն:

Նիստերի դահլիճի վերանորոգումից հետո, ի դեպ, իբրեւ կարեւորագույն փաստարկ նշվում էր, որ քվեարկության էլեկտրոնային համակարգը փոփոխվել է։ Նախատեսված էր, որ յուրաքանչյուր պատգամավոր ունենալու է իր քարտը եւ միայն դրա առկայության դեպքում հնարավոր կլինի գրանցվել ու քվեարկել՝ բացառելով ուրիշի փոխարեն քվեարկությունը:

Back to top button