Տնտեսական

Հաջողություններ անբարենպաստ գյուղատնտեսական տարում

Արմավիրի մարզում ամփոփվել է գյուղատնտեսական տարին: Տարվա անբարենպաստ եղանակի ու ոռոգման ջրի սակավության պայմաններում արմավիրցինեը լավ բերք են ստացել, փաստում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Բայց մարզի մի շարք գյուղացիական տնտեսություններ բնական աղետից  որոշակի վնասներ  են կրել: Ոռոգման ջրի  բացակայոթյան պատճառով նրանք բերքի կորուստ ունեն: Հաջորդ տարում նախատեսվել է մարզում ավելացնել խորքային հորերի քանակը, գյուղացիներին էլ առաջարկում են  անցնել կաթիլային ոռոգման համակարգին:

2017թվականն այնքան էլ նպաստավոր չէր գյուղատնտեսության համար: Տարին սկսվեց  ցրտահարությամբ, կարկուտով, իսկ  ամռան տապին՝ ոռոգման ջրի սակավությամբ, ինչն այնքան էլ խոստումնալից չէր  լավ բերք ստանալու համար:  Գյուղացին սրտնեղեց, բայց սկսեց կռիվ տալ հողի հետ: Ամռան կեսին ոռոգման ջուր չկար:

Ոռոգման ջրի պակաս կար Արմավիրի մարզի գրեթե բոլոր համայնքներում:  Էջմիածնի  տարածքի Բաղրամյան գյուղում ոռոգման ջրի պատճառով զգալի տարածքներ մնացել են անմշակ: Բաղրամյանցիները հույս ունեն, որ հաջորդ տարում համայնքում  կլուծվի   այս  խնդիրը և իրենք էլ կունենան ոռոգման նոր ցանց և  կզբաղվեն գյուղատնտեսությամբ:


Երաշտից գյուղատնտեսությունը փրկելու համար ոռոգման ջուրը համայնքներին տրվեց ժամանակացույցով: Ոլորտի մասնագետներն այն բացատրեցին Ախուրյանի ջրամբարում ջրի մակարդակի նվազմամբ, որն էլ   չհագեցրեց բույսերիի ծարավը: Ախուրյանի ջրամբարից ոռոգվող համայնքների հողատարածքները ջրի փոխարեն լցվեցին ձկներով:  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն նշեց, որ ջրամբարում շուրջ 90 մլն խմ-ով նվազել էր ջրի քանակը, որի պատճառով Սևանից 100 մլն խորանարդ մետր ջրառով է կազմակերպվել  Էջմիածնի և Արմավիրի մի քանի համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգումը:

Արմավիրի մարզպետը նշեց, որ գյուղատնտեսական տարին լավ են փակել, վիճակագրական տվյալներով նախորդ տարվա համեմատությամբ, բացի հացահատիկից,  բարջար-բոստանային մշակաբույսերի, պտղի ու խաղողի  արտադրության  որոշակի աճ է գրանցվել:

Վիճակագրությունն  ընդհանրացնում է մարզի գյուղատնտեսության  հաշվեկշռային  պատկերը, սակայն մի շարք գյուղացիական տնտեսություններ տուժել են բնական աղետներից ու բերք չեն ունեցել:


Սակավաջրության դեպքում գործի են դրվել խորքային հորերը: Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը նշեց, որ գյուղի հողերը ոռոգվել են խորքային 10 հորի միջոցով: Կառավարության որոշմամբ նախատեսվել է իրենց գյուղում հորատել ևս մեկ խորքային հոր, որը շահագործելու դեպքում կոռոգի մոտ 40 հա հողատարածք:

Տուժած գյուղացիներին որոշակիորեն զիջվել են  հատկացված պարարտանյութի, սերմացուի վճարները, ոռոգման ջրի և հողի հարկի վարձավճարների մի մասը:

Գյուղատնտեսության մեջ հաջողությունների հասնելու և ջուրը խնայողաբար օգտագործելու նպատակով կառավարության ծարգրերից է կաթիլային համակարգի անցումը: Կաթիլային համակարգի ներդրման համար գյուղացիներին առաջարկվում է նոր վարկեր:

Back to top button