Մշակույթ

Օպերային արվեստը հանրահռչակելու մեր որդեգրած քաղաքականությունը պսակվեց հաջողությամբ. Կոնստանտին Օրբելյան

Տարեվերջյան հաշվետվությամբ այսօր ներկայացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Ասուլիսին մասնակցել է նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Երևանի օպերային թատրոնի, մասնավորապես մաեստրո Օրբելյանի աշխատանքը նախարարը գնահատել է ՝ փառահեղ ու փայլուն:

 

«Փառահեղ և փայլուն, այն ինչ արվեց անգամ ոչ թե մեկ տարում, այլ ամիսների ընթացքում, արժանի է ամենաբարձր գնահատականին». Օպերային թատրոնի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսպես գնահատեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ու մասնավորապես թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի աշխատանքը:

Արմեն Ամիրյանի բնորոշմամբ, միասնական ջանքերով, մեկ գաղափարի շուրջ համախմբված,  հաջողվեց ապահովել այն, ինչ կոչվում է ֆինանսական ու ստեղծագործական հաջողություն:

«Եթե վեց  ամիսների կտրվածքով մենք հայտարարում էին, որ Օպերային թատրոնն ապահովել է  45 տոկոս տնտեսական աճ, ապա տարեվերջին վստահորեն արձանագրում ենք, որ  հարյուր տոկոսի շեմն անցել է: Դա նշանակում է, որ մեր օպերային արվեստին հաղորդակից դարձան  կրկնակի թվով մարդիկ: Տարվա ընթացքում մենք ունեցանք լեփ-լեցուն դահլիճներ, ինչը ամենաուրախացնող փաստն է: Տարվա ընթացքում մենք արձանագրեցինք մի շատ կարևոր փաստ. նույնիսկ բարձրացված գնով դահլիճը վարձակալության հանձնելն այլևս ձեռնտու չէ թատրոնին, ավելի շահավետ է ներկայացում խաղալը»:

Ե՛վ ֆինանսական, և՛ ստեղծագործական, և՛ օպերային արվեստը հանրահռչակելու առումով, մեր որդեգրած քաղաքականությունը պսակվեց հաջողությամբ»,-ասաց մշակույթի նախարարը՝ կազմակերպչական ու ստեղծագործական հրաշալի աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով  մաեստրո Օրբելյանին, միաժամանակ՝ վստահություն հայտնելով, որ աշխատանքը 2018-ին  ավելի արգասաբեր է լինելու:


2017-ին իրականացրած աշխատանքը տեսանյութով ներկայացնելուց հետո մաեստրո Օրբելյանը խոսեց նաև 2018-ի անելիքի մասին: Արդեն հունվարին Մաեստրոյի ղեկավարությամբ թատրոնի երիտասարդ մենակատարները կմասնակցեն Իսրայելում կայանալիք «Էյլաթ» փառատոնին: Ապրիլի 11-ին Երևանի օպերային թատրոնում կկայանա Ժ. Մասնեի «Մանոն» օպերայի պրեմիերան՝ Ա. Ժագարսի բեմադրությամբ: Նաիրե Ստեփանյանի բեմադրությամբ բեմ կբարձրանա  Բիզեի «Կարմեն» օպերան: Այս ներկայացումով  2018-ի սեպտեմբերին  Երևանի օպերային թատրոնը  կմեկնի ԱՄԷ և հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում:

«Այս ընթացքում մենք պատրաստում ենք «Դավիթ Բեկ» օպերային ներկայացումը, որի պրեմիերան  կկայանա  սեպտեմբերի 18-ին  Արցախում: Նախապատրաստում ենք  Ջ. Պուչչինիի Տրիպտիխ օպերայի բեմադրությունը: Մայիսի երկրորդ կեսին պլանավորված է  Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի նոր բեմադրությունը: Մեծ թատրոնի հետ պայմանավորվածության համաձայն, մեր թատրոն կփոխադրվի և կներկայացվի «Չիպոլինո» բալետը: Հունիսի 2-ին և 3-ին  տեղի կունենա  «Բյուրեղապակյա դղյակ»  բալետի պրեմիերան՝ ըստ  Ալեքսեյ Շորի երաժշտության, ով մեծացել է Գյումրիում: Բանակցություններ են տարվում  Լիտվայի օպերայի և բալետի  թատրոնի հետ «Շչելկունչիկ»  բալետի փոխադրման հետ կապված»:

Կոնստանտին Օրբեյլանի առաջարկությամբ 2018-ին կանցկացվի  «Անուշ» օպերայի նոր բեմադրության միջազգային մրցույթ: Ի թիվս 2018-ի բազմաթիվ ծրագրերի,  մարտի 17-ին  Օպերային թատրոնում տեղի կունենա   Վրուբելի  «Դև» նկարի հանձնման հանդիսավոր արարողությունը: Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան բեմ կբարձրանա ֆրանսերեն:

Back to top button