Հասարակություն

Ղեկի դասավորությունը անվտանգության վրա չի կարող ազդել՝ ասում է իրավաբան- փորձագետը

Ղեկի դասավորությունը չի կարող անվտանգության վրա ազդել, հետևաբար կառավարության հիմնավորումը բավարար չէ աջ ղեկի կիրառումը սահմանափակելու համար՝ այսօր «Ռադիոլուրին» հայտնեց իրավաբան-փորձագետ  Նարինե Սոլոմոնյանը։ Դեռ երեկ «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները եւ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը բանավիճում էին այս հարցի շուրջ։ Իսկ պատճառը աջ ղեկով մեքենաների բողոքի ակցիան էր, որի արդյունքում նախաձեռնության անդամները հանդիպեցին նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:

Հանդիպման ժամանակ նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը հորդորեց հետ կանչել այս փաթեթը կամ չեղարկել: Նա ընդգծեց՝ ավելի շատ ՃՏՊ-ների պատճառ են դառնում մարզային ճանապարհների վատ վիճակն ու կոմունիկացիաների պակասը, իսկ աջ ղեկով մեքենաների հարցն ամենևին էլ ամենահրատապ ու արդիական հարցը չէ:

Ի պատասխան՝ նախարարը նկատեց, որ դա անձնական գնահատական է, ապա նշեց, որ Հայաստանը ժամանակին աջակողմյան երթևեկություն է ընդունել, աջակողմյան երթևեկության երկիր է, որը նշանակում է՝ ձախակողմյան ղեկանիվ պետք է լինի: Այս փոփոխությունը, ըստ նախարարի, նպատակ ունի կանխել ժամանակին թույլ տրված սխալը:

Նախաձեռնության անդամները առաջիկա շաբաթվա ընթացքում իրենց բոլոր առաջարկները կներկայացնեն նախարարության տրանսպորտի վարչության պետին ու դրանք ևս կներկայացվի վարչապետին, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը:

Վերահաշվառման սահմանափակման դրույթի մասին նախօրեին «Ռադիոլուրը» զրուցել էր տրանսպորտի վարչության պետ Դավիթ Մելքոնյանի հետ։  Եթե վերահաշվառման սահմանափակման դրույթն ընդունվի, ապա պետության կողմից փոխհատուցում չի լինելու՝ նշել էր նա:

Back to top button