Քաղաքական

Տիգրան Բալայանը` ՄԱԿ–ում Հայաստանի «կողմ» քվեարկության մասին

Հայաստանն արդեն իսկ հայտնել է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը և այն մնացել է անփոփոխ. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու մասին ԱՄՆ-ի որոշումը չընդունող բանաձևին Հայաստանի` «կողմ» քվեարկությանը:

«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելապաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»,-ասաց Տիգրան Բալայանը:

Նա հիշեցրեց, որ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է:

«Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։ Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխոշորում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը»,-նշեց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում  Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու շուրջ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն։ Բանաձևին կողմ քվեարկած պետությունների թվում է նաև Հայաստանը։

Back to top button