Հասարակություն

Ախաթալայի պոչատարի վթարը վերացվում է, բայց հայտնի չէ՝ երբ է եղել վթարը


Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող պոչատարը վթարվել է և վթարի հետևանքով պոչանքը լցվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի այգին:

Դեպքի մասին հայտնի է դարձել երեկ, սակայն վթարը տեղի է ունեցել ավելի վաղ:

Ի՞նչ գործողություններ են կատարվել, ինչպե՞ս են բնակիչներն իմացել դեպքի մասին և ինչքանո՞վ  կարող է պոչանքը վտանգավոր լինել դպրոցի աշակերտների համար:

 

Ախթալայի ԼՀԿ պատկանող պոչատարը վթարվել է եւ ամբողջ պոչանքը տարածվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի այգում և շրջակայքում: Համայնքի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ տնօրենն Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վթարի վայրից լուսանկարներ:

Ասում է, որ շատ պատահական է իմացել դեպքի մասին: Վթարի հստակ օր ոչ մեկ ասել չի կարող, բայց այն պետք է տեղի ունեցած լինի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում:

Տարածքում աշխատող տեխնիկան հայտնվել է միայն այսօր, գրառումից հետո՝ ասում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի ղեկավարը։ Դեռ չի այցելել վթարի վայր, չգիտի ովքեր են եկել, բայց վստահ է, որ տարածքը պետք է մաքրվի հատուկ տեխնիկայով:

ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանը դեպքի մասին տեղյակ էր: «Ռադիոլուրին» հայտնեց, որ իմանալուն պես այցելել են տարածք: Հիմա կատարվում են մաքրման աշխատանքներ:

Դեպքի մասին երեկ են տեղեկացել:

Ախթալայի թիվ 2 դպրոցն այս պահին վերանորոգվում է՝ հաստատում են զրուցակիցներս: Տարածքն ամբողջովին չմաքրելու դեպքում այն վտանգավոր կլինի անգամ այն ժամանակ, երբ երեխաներն ավելի ուշ վերադառնան շենք:

Այգում տարբեր բույսեր են ցանել երեխաները՝ պատմում է Օլեգ Դուլգարյանը:

Մաքրման աշխատանքները հայտնի չէ, թե ինչքան կտևեն։ Դուլգարյանը վստահ է, որ տարածքը սովորական մարդկային ուժով ու միջոցներով չի մաքրվի՝ այդպես թողնելու դեպքում խիստ վնասակար կդառնա երեխաների համար: Խոստանում է շարունակել հետևել մաքրման աշխատանքներին։

Back to top button