Հասարակություն

Առողջապահությունը հանրության կողմից ընկալվում է որպես ամենակոռումպացված ոլորտներից մեկը

«Ասպարեզ» լրագրողական ակումբն այսօր ներկայացրել է «Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցը: Հարցումներ են իրականացվել մարզային 10 շտապօգնության կայանների եւ 20 պոլիկլինիկաների հետ կապված:

Հարցումներին մասնակցել են ինչպես առողջապահական ծառայությունից օգտված քաղաքացիներ, այնպես էլ այդ հաստատությունների աշխատակիցներ: Գնահատվել են ծառայությունների որակը, հագեցվածությունը, աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, կոռուպցիոն ռիսկերը: Ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորվել են նաեւ առաջարկներ:

Կազմակերպիչները կարծում են, որ դրանք կարող են օգտակար լինել եւ պետք է հաշվի առնվեն ոլորտի քաղաքականությունը մշակողների կողմից:

Մարզային բժշկական հաստատությունների մոնիքորինգն իրականացվել է «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ: Վերջինիս տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքով՝ նման ուսումնասիրություններն իրենք կարեւորում են ուսումնասիրվող ոլորտներում որակական փոփոխություններ բերելու համար քաղաքականություն մշակելու տեսանկյունից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ ոլորտն իրենց հետաքրքրել էր այնքանով, որ կոռուպցիոն ցուցանիշերի բարոմետրով առողջապահությունը հանրության կողմից ընկալվում է որպես ամենակոռումպացված ոլորտներից մեկը:

«Իհարկե, դժվար է ասել՝ որքանով ավել կոռուպցիա կա այս ոլորտում եւ չի բացառվում, որ դատական, ոստիկանական համակարգերը ավելի կոռումպացված լինեն, բայց մարդկանց ընկալումն այդպիսին է եղել, քանի որ նրանք ավելի մոտիկ են կանգնած եղել առողջապահությանը»:

Սոնա Այվազյանը նաեւ նկատեց, որ, թերեւս, նույն պատճառով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունում առողջապահությունը նույնպես ներառված է առաջնահերթ 4 ոլորտների շարքում:

Բավականին մանրակրկիտ ներկայացնելով մարզային 10 շտապօգնության կայանների եւ 20 պոլիկլինիկաների գործունեության վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները՝ առողջապահության ոլորտի փորձագետ Վիոլետա Զոփունյանը տեղեկացրեց, որ հարցումներ են անցկացվել յուրաքանչյուր մարզում երկուական պոլիկլինիկայի եւ մեկական շտապօգնության կենտրոնի վերաբերյալ: Հարցումներին մասնակցել են ինչպես դրանցից օգտվող քաղաքացիներ, այնպես էլ այդ հաստատությունների աշխատակիցներ:

«Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ ուսումնասիրության թիրախը չի եղել որեւէ կոնկրետ բուժհաստատությունում ինչ-ինչ խնդիրներ բացահայտելն ու անվանական դրանք հրապարակելը.

«Նպատակը եղել է ընդհանրական պատկերը հասկանալը, թե, օրինակ, մարզային շտապօգնության կայանները  ընդհանուր առմամբ ինչ խնդիրներ ունեն: Նույնը՝ պոլիկլինիկաների մասով: Չեք տեսնի անվանական հիշատակում, թե, ահա՛, այսինչ տեղում այսինչ պրոբլեմը կար: Նպատակը դա չի եղել»:

Ուսումնասիրությունների արդյունքում նաեւ ձեւավորվել են առաջարկներ: Առողջապահության նախարարությունից մեզ այսօր չհաջողվեց դրանց եւ ընդհանրապես զեկույցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Լեւոն Բարսեղյանը, սակայն, այսօր տեղեկացրեց, որ զեկույցը նախապես քննարկվել է նաեւ մարզային առողջապահական հաստատությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ նրանք շահագրգռված են եղել եւ մասնակցել են քննարկումներին: Նա զեկույցը համարում է համագործակցային արդյունք:

Back to top button