Հասարակություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերակազմավորվի հիմնադրամի

ՀՀ կառավարության որոշմամբ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի հիմնադրամի:

Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 21-ի նիստում:

Ըստ հիմնավորման, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիմնադրամի վերակազմավորելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ցեղասպանության թանգարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու հանգամանքով:

Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի թանգարան-ինստիտուտի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը:

Ակնկալվում է, որ հիմնադրամի կարգավիճակ ստացած թանգարան-ինստիտուտը կվերածվի ինքնավարության առավել բարձր մակարդակ ունեցող գիտական կենտրոնի` Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ոլորտ ներգրավելով նաև օտար ուսումնասիրողների, գիտնականների, ձևավորելու միջազգային հասարակայնության վերաբերմունք հայոց ցեղասպանության նկատմամբ՝ արտաքին աշխարհում անհրաժեշտ ընկալմանը հասնելու նպատակով։

«Կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը լայն հնարավորություն կտա ավելի ճկուն ու արդյունավետ օգտագործել ֆինանսական միջոցները, թանգարանում ծավալել լրացուցիչ ներդրումներ պահանջող աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով նաև սփյուռքահայ գաղթօջախների ներկայացուցիչների, բարերարների: Հիմնադրամի կարգավիճակը ենթադրում է ավելի բարձր ինքնուրույնություն և ինքնակառավարում ի դեմս հոգաբարձուների խորհրդի, որն իրավասու է սահմանելու ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ»,- նշված է հիմնավորման մեջ:

Back to top button