Հասարակություն

Ձմեռային զորակոչի հետ կապված բողոքները կքննարկվեն շաբաթը երկու անգամ


2017 թվականի ձմեռային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ այսօր։

Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:

Ավետ Վարդանյանը մեկն է նրանցից, ում դիմում-բողոքը ՊՆ քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծված  հանձնաժողովի նիստում քննարկվեց այսօր: Ավետը ներկայացել էր առանց ծնողների, դիմումն էլ անձամբ է գրել:

Մասնավոր բժշկական հաստատությունում խորհուրդ են տվել Ավետին անցնել սրտի հետազոտություն։ Ասում է՝ զինկոմիսարիատը չի ուղարկել համապատասխան հետազոտություն:

Հանձնաժողովի անդամները մանրամասն քննարկում են դիմում-բողոքը։ Բժշկի եզրակացությունը մտահոգիչ է: Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Վաչագան Մկրտչյանը մեկն է այն ծնողներից, ով մտահոգություն ունի: Ասում է՝ սխալ հետազոտություն է անցկացվել և բժիշկը չի կարող ավելի լավ իմանալ, ունի՞ իր որդին ցավեր, թե՞ ոչ:

«Հանձնաժողովի որոշմամբ կատարված որոշումը տեղին է ու հիմնավորված»,- ասում է Գեղամ Հարությունյանը:

Հայրը որոշման հետ համաձայն չէ:

Դիմումատուի ծնողները, իհարկե, ունեն իրենց պատկերացումներն ու գնահատականները, որոնք երբեմն կիսում ենք, երբեմն՝ ոչ՝ ասում են հանձնաժողովի անդամները: Նաև ցավով հավելում, որ դիմումների ճնշող մեծամասնությունն առնչվում են երիտասարդների առողջական խնդիրներին։

Յուրաքանչյուր դիմողի իրավունքների պաշտպանությունն ամենակարևորն է՝ շեշտում է հանձնաժողովի նախագահը:

Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում:

Զորակոչի ընթացքում քաղաքացիներից  ստացված դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծված  հանձնաժողովի նիստերը կգումարվեն յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ Երևանի Մոսկովյան 5 հասցեում:

Back to top button