Հասարակություն

«Մեր տան» 11 տարվա  արդյունքը

Սոցիալական տարբեր պատճառներով Գավառի և Վանաձորի մանկատանը հայտնվում են ոչ միայն երկկողմանի ու միակողմանի ծնողազուրկ երեխաները, այլ  նաև նրանք, որոնց ծնողները տարբեր պատճառներով հրաժարվել են երեխաներից:  Մանկատանն ապրում են, կրթություն ստանում և չափահաս դառնալուց հետո հրաժեշտ տալիս:  Սկսվում է ինքնուրույն կյանքը:  Էջմիածնի ,,Մեր տուն,, հասարակական կազմակերպությունը վերջերս  ամուսնացրել է  17-րդ սանուհուն:

Մանկատան աղջիկների մի մասը ցանկություն է հայտնել ապրել Էջմիածնի  «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում, որտեղ սովորում են  տիրապետել կյանքի հմտութուններին, հաղթահարել դժվարությունները և ամենակարևորը՝ ներել ծնողներին: Կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը սա համարում է հոգեբանական դժվարությունների հաղթահարման   գործոններից  մեկը:


«Մեր տունը» գործունեության 11 տարվա ընթացքում տարբեր ճակատագրեր է տնօրինել, օգնել աղջիկներին ստանալ կրթություն և աշխատանք: Տարին ամփոփում է 17-րդ հարսանիքով: Ընդունված  կարգ է, աղջիկները պետք է «Մեր տնից» դուրս գան հարսանեկան  քողով և ամուսնական  երդում տան եկեղեցում:  Հերթը՝ Արփինեինն է: 2.5 տարի ապրելով Մեր տանը՝ նա գտավ իր երջանկությունը:  20-ամյա աղջիկը Էջմիածնին էր  եկել Գավառի մանկատնից, որտեղ եղբոր հետ ապրել է 15 տարի: Ծնունդով Շիրակի մարզից է, ծնողները կենդանի են, սակայն ապրում են առանձին:


Արփինեն Գավառի մանկատանն ապրել է մոտ 2 տարեկանից, եղբայրը մեկ տարով մեծ է իրենից: Խոստովանում է, որ բարդույթներից ազատվել է «Մեր տանը» գտնվելու ընթացքում. «Սկզբում ես շատ կոպիտ էի, բարդույթներ ունեի, ինձ հետ շատ աշխատեցին, որ ես դառնամ իսկական աղջիկ, նուրբ…» :

Մշտական  շփման մեջ է մոր կողմի   տատիկի, երբեմն էլ՝  մոր հետ: Ասում է, որ շատ է ցանկացել  կյանքի ամենաերջանիկ օրը տատիկին  իր կողքին տեսնել, սակայն ծերունական հիվանդության պատճառով դա հնարավոր չի եղել:  Արփինեն էլ մյուս աղջիների նման ձեռք է բերել մի քանի մասնագիտություն: Ամուսնության առաջարկը ստացել էր մեկ տարի առաջ «Մեր տուն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-րդ հոբելյանական միջոցառման ժամանակ՝ «Մեգերյան կարպետ» ընկերությունում: Վերջինս էլ հովանավորել  է նրա հարսանիքը:


Տիգրանուհի Կարապետյանը նշում է, որ արդեն ունի 17 փեսա ու 23 թոռ: Յուրաքանչյուր նոր կազմվող ընտանիքի հետ «Մեր տուն» աշխատակիցները նոր ոգևորություն են ապրում, աղջիկների գտած երջանկությունը՝  համարում իրենցը:  Հոգսաշատ ընտանիքը դեռ պրպտումների մեջ է, մանկատնից եկած աղջիկների համար  փորձում  են  նոր ծրագիր իրականացնել, գործ  հիմնել, որը կարող է նրանցից շատերի համար դառնալ  կայուն աշխատանք:


Մեր տան աղջիկներից  պետության կողմից բնակարան է ստացել 3-ը, իսկ մեկին հովանավորել է իտալացի բարերարը:  Հասմիկ Գյուրջինյանն այս տարի տեղափոխվել է Մարալիկի սոցիալական բնակարան:   Սպիտակում նմանատիպ  բնակարան է առաջարկվել  Մարգարիտա, Մարիետա և Արփինե քույրերին, որոնք հրաժարվել են Սպիտակ գնալուց: : Տիգրանուհի կարապետյանը նշեց, որ Մարգարիտան հիմա աշխատում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ Արփինեն սովորում է մանկավարժական համալսարանում, Սպիտակ տեղափոխվելիս երկուսն էլ կկորցնեն աշխատանքն ու կրթությունը:  Սոցիալական բնակարաններ հատկացնելիս պետք է հաշվի առնել նաև մանկատան սաների զբաղվածության խնդրի լուծումը:

Back to top button