Քաղաքական

ԵՄ-Հայաստան. նոր ասելիք, նոր զգուշացումներ


ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո առաջին ներկայացուցչական աշխատանքները հենց ԱԺ- ում են՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում:

Աշխատանքներն արդեն ավարտվել են, ընդունվել է նոր փաստաթուղթ: Եվրոպացիներն ունեն նոր ասելիք, Հայաստանը՝ նոր զգուշացումներ:

Հայաստանին ընդունելու համար Եվրոպային ԵԱՏՄ-ն չի խանգարում: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի արած քայլը «այնտեղ»՝ Արեւմուտքում, ընկալել են իբրեւ որոշակի վարկանիշ ունեցող երկրի ծանրակշիռ քայլ: Փակագծերը բացում է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը:

«Հայաստանը  սրանով ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումները կայացնել որպես ինքնիշխան պետություն՝ հստակ եւ ձևակերպված ունենալով իր ապագա հավակնությունների սկզբունքները»:


Երկու օր է, ինչ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում է: Նախ աշխատել են խորհրդարանում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում, հետո առանձին հանդիպումներ են ունեցել երկրի ղեկավարների հետ: Խորհրդարանական հանձնաժողովի նիստը, ի դեպ, պատմական է որակվում՝ գումարվել է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո եւ հնարավորություն է տվել քննարկել համաձայնագրի հետ կապված բազմաթիվ հարցեր:

Դրանցից կարեւորագույնը թերեւս փաստաթղթի վավերացման ժամկետներն են: Այս հարցի հետ կապված բարդություններ եւ դժվարություններ ԵՄ-ում չեն կանխատեսում: Այս պահին ընթացակարգային շրջան է՝ ԵՄ անդամ բոլոր 28 պետությունների ազգային խորհրդարաններն իրենց որոշումը պետք է կայացնեն: Դրանից հետո փաստաթուղթը նոր կփոխանցվի Եվրախորհրդարան:

Սաջադ Քարիմի կանխատեսմամբ՝ այդ ժամանակ էլ այն «արագորեն կվավերացվի»: Այս ամենի դիմաց, սակայն, եվրոպական կողմը պետք է հասկանա, որ Հայաստանն իր ձգտումներում անկեղծ է: Համենայնդեպս՝ Եվրոպայի սպասելիքներն ակնհայտ զգացվում էին Սաջաթ Քարիմի խոսքերից:

«Այս խորհրդարանը պետք է դեռ զգալի աշխատանք կատարի, որպեսզի համաձայնագիրը եւ դրա ներքո կատարվելիք աշխատանքն իրականացվի։ Համաձայնագիրը ներառում է շատ լավ հիմք ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար ևս։ Մենք ավանդաբար «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով ենք աշխատել, որն իր հետ պայմաններ է բերում։ Հայաստանն այդ առումով պետք է ցույց տա, որ մեր կողմից նախանշված ոլորտներում առաջընթաց ունի»։  

Եվրոպան Հայաստանին բառացիորեն «ֆանտաստիկ ճամփորդություն» է խոստանում։ Համենայնդեպս, դա խոստացավ Սաջադ Քարիմը, բայց եւ զգուշացրեց հայաստանյան իշխանություններին՝ հասարակության հետ աշխատել եւ ցրել ԵՄ, այդ կառույցի նպատակների եւ իրականացման ճանապարհների մասին հանրության որոշ շրջանակներում տարածվող ապատեղեկատվությունը:

Հանձնաժողովի նիստի ավարտին պատվիրակներն ընդունել են երկու խորհրդարանների համագործակցությունը հաստատող փաստաթուղթ: Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքական համակարգի կատարելագործումը, անվտանգության եւ տարածաշրջանային հարցերը՝ բոլորն ընդգրկվել են՝ ասաց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանը:

Ղարաբաղի հետ կապված կա եւս մեկ խնդիր, որի վրա Սաջաթ Քարիմի ուշադրությունը հրավիրեցին արդեն լրագրողներն ասուլիսի ընթացքում: Արցախի բնակչությունը չի կարողանում օգտվել ժողովրդավարական իրավունքներից եւ դա արդեն ադրբեջանական կողմի սպառնալիքների պատճառով է: Անգամ չի օգտագործվում օդանավակայանը, իսկ երկիր այցելած օտարերկրացիների համար գործում է ադրբեջանական «սեւ ցուցակ» հասկացությունը:

«Սեւ ցուցակներին դեմ ենք եւ դիմադրելու ենք»,- ասաց ԵՄ ներկայացուցիչը, բայց եւ հավելեց՝ եվրոպացի պատգամավորներն իրենց գործուղումներում ազատ են, բայց ամեն անգամ պետք է հստակեցնեն, թե ինչ կարգավիճակով են այցելում Արցախ:

Հակառակ դեպքում՝ իրենց անձնական հայտարարություններն ընկալվում են իբրեւ պաշտոնական եւ շփոթմունք են առաջացնում՝ ինչը նույնպես եվրոպացի պաշտոնյան անընդունելի է համարում:

Back to top button