Հասարակություն

Աստղագիտությունը կրկին հետաքրքրում է երիտասարդներին


Ինչպիսին էր անցնող տարին Բյուրականի աստղադիտարանի համար: Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ամփոփել է անցնող տարին և նշել, որ այն իրադարձություններով բավականին հարուստ էր ոչ միայն աստղադիտարանի համար, այլեւ միջազգային աստղագիտական ձեռքբերումների առումով:

Թերևս գուցե հենց դա է պատճառը, որ աստղագիտության նկատմամբ հայ երիտասարդների հետաքրքրությունը աճում է:

Ոչ միայն աստղագիտությամբ հետաքրքրվողների թիվն է աճում, այլև երիտասարդ կադրեր են ավելանում հենց Բյուրականի աստղադիտարանում:

Զրուցակիցս՝ ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Արա Ավետիսյանը հայտնեց, որ չնայած տարեց տարի ուսանողների թիվը պակասում է, հետաքրքրությունը աստղադիտարանի նկատմամբ չի նվազում:

Ուսանողներից բացի այստեղ կարելի է տեսնել նաև բարձր դասարանի աշակերտների, ովքեր արդեն կողմնորոշվել և ընտրել են իրենց մասնագիտական ուղին: Ապագա աստղագետներ են՝ ասում է աստղադիտարանի տնօրենը: Միայն այս տարի 60-70 աշակերտ է այցելել Երևանի աստղադիտարան և ծանոթացել աստղադիտարանի աշխատանքներին, լսել համապատասխան դասախոսություններ:

Եվ իսկապես՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ևս փաստում է, որ տարեց տարի աստղագիտությամբ հետաքրքրվող երիտասարդների թիվն ավելանում է: Եթե մի քանի տարի առաջ աստղադիտարանի աշխատակազմում հիմնականում տարեց աստղագետներն էին իշխում, ապա այսօր երիտասարդ կադրերը տարեցներին չեն զիջում:

Ապագա աստղագետի հանդիպեցի ԵՊՀ բակում: Զրուցակիցս վստահ է և մասնագիտական ընտրությունն է ճիշտ կատարել, և աշխատաշուկայում իր տեղը կգտնի բուհն ավարտելուց հետո:

Շատ աստղագետներ բուհն ավարտելուց հետո մեկնում են արտերկիր և իրենց գիտական գործունեությունը շարունակում հայրենիքի սահմաններից դուրս: Կան նաև աստղագետներ, ովքեր չնայած դրսի առավել բարենպաստ սոցիալական պայմաններին, այնուամենայնիվ վերադառնում են հայրենիք: Այստեղ մեծ է հատկապես Բյուրականի աստղադիտարանի դերը:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, Արեգ Միքայլելյանը նշեց, որ աստղադիտարանի աշխատողների բազային աշխատավարձը նվազագույնից է սկսվում` 60.000 դրամ, իսկ ամենաբարձր աշխատավարձը` հարկերը ներառյալ, 180000 դրամ է: Սակայն թեմատիկ ֆինանսավորման եւ միջազգային գրանտային ծրագրերի մեջ ընդգրկվածների աշխատավարձը հասնում է մինչև 400.000-ի:

Back to top button