Հասարակություն

Հայաստանը փոքր, բայց համեղ պատառ՝ կիբերհանցագործների համար


Կիբերանվտանգության խնդիրներն աշխարհում գնալով լրջանում են՝ այսօր նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Տարեց տարի համացանցից օգտվողներն ավելանում են, իսկ դրան զուգահեռ էլ մեծանում են  հակերային հարձակումները:

Այս տարի համացանցում  էլեկտրոնային առևտրի հարթակները թոփ հիսնյակի մեջ են եղել:

 

Ամերիկյան ամենամեծ զեղչերի՝ «Սեւ ուրբաթի» օրը Հայաստանում գրանցվել է օնլայն առեւտրի ողջ տարվա ծավալի 10 տոկոսը՝ այսօր հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ Հայաստանն աստիճանաբար սկսում է հետաքրքրել կիբերհանցագործներին։

Եթե 2016 թվականին համացանցից օգտվում էր Հայաստանի բնակչության մոտ 64 տոկոսը, ապա այս տարի, թեեւ դեռ հաշվարկներ չկան, մեդիափորձագետի դիտարկմամբ,  նրանց թիվը կհատի 75 տոկոսի շեմը:

«Մենք կարող ենք տեսնել, որ օրինակ այցելությունների թվով,  հիմնական էլեկտրոնային  առևտրի հարթակները մտել են թոփ 50-ի մեջ  և արագ բարձրանում են: Հիմնականում դա  Ali express-n  է ու Amazone»:

Ազգաբնակչության  ակտիվությունն այս ոլորտում իր հերթին բերում է այլ վտանգի:  Եթե առաջներում հակերային խմբերին այնքան էլ չէին հետաքրքրում հայերը, քանի որ չունեին գումար հեռախոսների մեջ,  բանկային քարտերում, ապա հիմա  հակառակ պատկերն է: Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հայերն այժմ փոքր, սակայն համեղ պատառ են կիբերհանցագործների համար:

«Նոյեմբերի-դեկտեմբերի ընթացքում  բավականին մեծ քանակի հարձակումներ եղան: Իհարկե, պաշտոնական վիճակագրություն չկա, ես կարող եմ միայն նշել այն օրինակները, որոնք միայն ես գիտեմ,  բայց փաստացի մեծ քանակի բանկային քարտի տվյալների գողության դեպքեր եղան, հենց այդ առևտրի թեժ պահին»:

Բնակչությունը ակտիվորեն օգտվում է օնլայն խանութներից, սակայն չունի անհրաժեշտ գիտելիքներ։ Մարտիրոսյանն ասածն օրինակով է ներկայացնում:  Ֆեյսբուքով գովազդվում է խանութ, որտեղ 5000 դոլարանոց  ապրանքը վաճառվում է  180 դոլարով։

Դրանով  սպառողը միանգամից դառնում է զոհ‘  քարտի տվյալները տրամադրելով խանութներին։ Նախ՝  ապրանքը չի գալիս, իսկ հետո էլ  քարտի տրամադրած տվյալներն օգտագործվում են  մեկ այլ խանութից գնումներ կատարելու համար: Կիբերհանցագործության զոհը չդառնալու համար մեդիափորձագետը նշում է մի քանի կետ, որոնց  առաջարկում է ուշադիր լինել:

«Պետք է օգտվել հայտնի խանութներից, ուշադիր լինել խանութների կայքերին, քանի որ, օրինակ, նույն ալի էքսպրեսն ունի նմանօրինակ կայքեր,  քարտային հաշիվներն ապահովագրելու համար բանկում  միայն օնլայն խանութներից օգտվելու համար  բացել հաշվեհամար  և այնտեղ պահել քիչ գումար,  իսկ գնումներն անելուց առաջ գումարը փոխանցել այդ հաշվին և հետո մնացորդը կանխիկացնել»:

Գոնե այս դեպքում կորուստը քիչ կլինի՝ ասում է:  Ի վերջո՝ տուժած սպառողների  իրավունքներն ինչպե՞ս պետք է պաշտպանել։ «Ռադիոլուրի» հարցին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը պատասխանեց:

«Եթե գործ ունենք դրսի կայքերի հետ, ապա որևէ կառույց մեզ փրկել չի կարող»:

Ժամանակին սպառողները  հասարակական կազմակերպությանը դիմել են, որ կայքերը չեն առաջնորդվում սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով, սակայն նախորդ տարվանից արդեն այդ օրենքը տարածվում է նաև նման դեպքերից տուժածների  դեպքում՝ ասում է սպառողների իրավունքների պաշտպանը: «Ռադիոլուր»-ի  փոքրիկ հարցումներն էլ  ցույց տվեցին, որ մեր համաքաղաքացիները առավել շատ օգտվում են  օտարերկրյա  էլեկտրոնային խանութներից։

Տեղական օնլայն խանութներից գնումների դեպքում կիբերհանցագործության  հարցը հնարավոր կլինի կարգավորել օրենսդրորեն՝ ասում են փորձագետները:

Back to top button