Հասարակություն

Իսկապես կան հետիոտներ, որոնք ոչ մի կանոնի չեն ենթարկվում. ՃՈ պետ


Ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի է ունենում հետիոտների պատճառով, երբ վերջիններս չնախատեսված վայրով անցնում են փողոցը:

Մինչ վարորդները երթևեկության կանոնները չպահպանելու հետևանքով կոնկրետ տուգանքների են ենթարկվում, հետիոտնը լավագույն դեպքում զգուշացնող նկատողություն է ստանում ՃՈ տեսուչի կողմից: Շատ վարորդներ այս մոտեցումն անարդարացի են համարում:

Եթե կա խախտում, ապա թող տուգանքը ևս կիրառվի բոլոր օրինազանցների նկատմամբ՝ ասում են: Ինչպես են պատժվում կարգազանց հետիոտները և ինչ մեխանիզմներ պետք է կիրառել նման խախտումները բացառելու համար:

 

Չնայած հետիոտնային նոր անցումների կառուցմանն ու դրանց կատարելագործմանը, հետիոտները շարունակում են խախտել ճանապարհային երթևեկության կանոններն ու անցնել չթույլատրված հատվածներով:


Նմանատիպ բողոքներ շատ է ստանում նաև «Վարորդի ընկեր» կազմակերպությունը: Համահիմնադիր Կարինա Նազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ հիմնականում հետիոտները անցում են առանց նույնիսկ վտանգը գնահատելու՝ դրանով վտանգելով և սեփական կյանքը, և վարորդի անփորձանք երթևեկությունը:

Սովորաբար՝ երթևեկության կանոնները խախտող վարորդի նկատմամբ կիրառում են տուգանքներ, մինչդեռ հետիոտնի նկատմամբ ՃՈ բավարարվում է բացառապես զգուշացնելով, որ անցնեն հետիոտնային անցումներով՝ նկատում է զրուցակիցս:

ՃՈ պետ Եգոր Կարապետյանը չի հերքում: Իսկապես կան հետիոտներ, որոնք ոչ մի կանոնի չեն ենթարկվում:


ՃՈ-ը, իհարկե, նախապատվությունը տալիս է նախազգուշացնող միջոցառումներին, տուգանքն այնքան էլ արդյունավետ միջոց չէ հասարակության ինքնագիտակցությունը բարձրացնելու՝ ասում է ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը: Միևնույն ժամանակ հայտնում է, որ վթարի դեպքում  այլևս ուսումնասիրում են պատահարը, և եթե հետիոտն է մեղավոր, նա էլ պատասխանատվության է ենթարկվում:

 

Ի դեպ՝ հաճախ է լինում, երբ չթույլատրված հատվածով ոչ միայն մեծահասակն է անցնում, այլև երեխային է ակամա վտանգի ենթարկում: Այս դեպքում ոչ միայն 2-ի կյանքն է ծնողը վտանգում, այլև օրինակ է ծառայում երեխայի համար, որ կարելի է խախտել կանոնները՝ նկատեց «Վարորդի ընկեր» կազմակերպության համաhիմնադիրը:


Ընդհանրապես պետք է երթևեկության կանոնները սովորել հենց դպրոցից՝ կարծում է զրուցակիցս և առաջարկում առանձին առարկա ներդնել, անվտանգ երթևեկության հիմունքներին ծանոթանալ աշակերտական սեղանից:

Իհարկե՝ երթևեկության կազմակերպման համար շատ կարևոր է նաև ենթակառուցվածքների ապահովումը՝ նկատում է Կարինա Նազարյանը: Հետիոտնային անցումները վերջին շրջանում բավականին բարեկարգվել են, սակայն մեզ անհրաժեշտ են վերգետնյա և ստորգետնյա անցումներ: Եղածը շատ քիչ է, իսկ որոշ դեպքերում էլ չեն արդարացնում վայրն ու պայմանները:

Back to top button