Տնտեսական

Խնդիրներ կան, բայց անուններ չեն տալիս. ՏՄՊՊՀ-ն Վայոց Ձորում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է մարզային գործարարների հետ հանդիպումները՝ փորձելով տեղում վերհանել հակամրցակցային, սպառողներին մոլորեցնող եւ իրենց լուծման ոլորտին առնչվող խնդիրները:

Հանձնաժողովը մարզային կառույցներ չունի, ուստի գործակցության բացը լրացնելու մեխանիզմն այսպիսով է փորձում ներդնել: Եղեգնաձորում գինեգործության, զբոսաշրջության եւ տարբեր այլ ոլորտների ներկայացուցիչներ խոսել են իրենց մտահոգությունների մասին ու հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից լսել խոստում՝ աջակցել մրցակցային ցանկացած խնդրի դեպքում: 

Հայկական երկու հայտնի գինեգործական ընկերություններ միմյանց հետ դատական վեճի մեջ են. «Կարաս» արտադրողը դատի է տվել «Զորակ Կարասի»-ի արտադրողին՝ մեղադրելով Մտավոր սեփականության գործակալությունում իր գրանցած ապրանքանիշն օգտագործելու համար:

«Զորակ Կարասին» էլ է, սակայն, գրանցված որպես մտավոր սեփականություն, ու հիմա վիճարկվում է՝ արդյո՞ք կարասում արտադրված լինելու մասին փաստող անունը կամ պիտակը կարող են պատկանել որեւէ արտադրողի, կամ արդյո՞ք գինեգործներից մեկը շփոթության աստիճանի մոլորեցնող անուն կամ պիտակ է կիրառում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովականները Եղեգնաձորում վայոցձորցի գործարարներին ներկայացնում են օրինակն ու մանրամասնում, թե իրենց առնչվող ո՞ր խնդիրների դեպքում են հանձնաժողովի դռներն իրենց առջեւ բաց ու իրենք՝ լսելու պատրաստ: Վայքի տուրիզմի կենտրոնի տնօրեն Ռուզան Ղազարյանին մտահոգում են հատկապես մանր ու միջին բիզնեսի համար ոչ հավասար մեկնարկային պայմանները:

«Որոշ բիզնեսներ սկսվում են վարկերով, իսկ որոշ բիզնեսի հիմնադիրներ օրինակ պետական պաշտոններ են զբաղեցնում եւ այլն, այս անհավասար սկիզբն արդյո՞ք չի առաջացնում անառողջ մրցակցություն»:


«Մաթեւոսյան Վայն»-ը գինեգործական փոքր ընկերություն է, ասում է՝ որակը չգցելու հաշվին  իրենք մրցակցության մեջ որոշակի խնդիրներ են ունենում: Սակայն խնդիրն ում հետ է, ինչ է՝ չի ցանկանում անգամ  մանրամասնել: Հիշում է՝ մի անգամ բարձրաձայնել է անառողջ մրցակցային խնդրի մասին, անուն տվել, մինչ այժմ, անկեղծանում է, սրված հարաբերությունները չեն շտկվում: Այս համատեքստում ընկերության ղեկավար Վազգեն Մաթեւոսյանը գերադասելի է համարում խնդիրներին համակարգային լուծում տալ, ոչ թե կենտրոնանալ բիզնեսի ներկայացուցիչների անձնավորված հարաբերությունների վրա:

«Մենք ունենում ենք թափոններ՝ դուրդ է կոչվում, տանում- թափում ենք: Դուրդից ստացված կոնյակի սպիրտն ավելի որակով է, քան խաղողից ստացվածը: Բայց ստիպված թափում ենք, քանի որ դրանից կոնյակի սպիրտ արտադրելու համար տարեկան պետք է 15 մլն դրամ վճարենք լիցենզիայի համար: Այնինչ այդ դուրդի 20 տոննայի արժեքը կարող է մի երկու մլն դրամ կազմել, ոչ ավելի»:

Հանձնաժողովը պարզաբանում է՝ կառավարությունն արդեն 15 մլն դրամի շեմը իջեցրել է 5 մլն-ի, մտահոգիչ հարցերը կառավարությունում կրկին լսելի կդարձնեն: «Գետնատուն» գինեգործական ընկերության ղեկավար Աղասի Բաղդասարյանն էլ իրեն մտահոգող խնդիրներից է խոսում: Վստահ է՝ փոքր ու միջին ընկերություններն ավելի որակով են արտադրում, քանի որ մրցակցության մեջ ավելի խոցելի են: Դրանց արտադրանքի որակն էլ է առավել վերահսկելի, սակայն իրենց ծախսն է ավելի բարձր ստացվում: Պետության մոտեցումը պետք է ավելի նպաստավոր լինի՝ կարծում է:

«Տնտեսությունների մոտ առաջացած ցածրորակ խաղողը, որը գինու համար պիտանի չէ, մենք կարող ենք վերցնել ու թորել, ստանալ կոնյակի հումք՝ սպիրտ: Դրանով մենք կարող ենք բարձրացնել նաեւ գինու որակը, այնինքն՝ այն գինիները, որոնք ժամանակին խնդիր են ունեցել, որպեսզի չհասնեն սպառողին, մենք դրանք կարող ենք հանգիստ թորել, դարձնել կոնյակի սպիրտ: Արդյունքում մենք կդառնանք խոշոր արտադրողին մրցակից»:

Մրցակցային լուրջ խնդիրներ մարզի գործարարները չեն ներկայացնում: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Ռադիոլուր»-ին վստահեցնում է, որ դրանք ոչ թե չեն բարձրաձայնվում, այլ պարզապես չկան: Եղած խնդիրների մասին էլ, սակայն, գործարարները գերադասում են խոսել ընդհանուր, առանց մանրամասների. գինեգործ Աղասի Բաղդասարյանն էլ գործընկերոջ նման մտածում:

Խոշո՞ր ընկերությունների հետ է խնդիրը՝ հետաքրքրվում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Եկեք՝ ես անուններ չտամ, մի անգամ մեկի անունը տվել եմ, մինչեւ էսօր չեմ պրծնում»:

ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հերթական անգամ հայտարարում է իրենց պատրաստակամության մասին՝ լսել ու զբաղվել ամենատարբեր մրցակցային խնդիրներով: Միայն թե խնդիրների փակագծերը բացվեն:

Back to top button