Մշակույթի նախարարության 2017-ի կարևորագույն ծրագրերից մեկը՝ «ԱրԱր»: Նախաձեռնության նպատակն է՝ դուրս գալ Երևանից և ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին:
Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով: Ընդամենը մի քանի ամիսների ընթացում «ԱրԱր» ծրագիրն արդեն 300 շահառու ունի:
Դա նշանակում է, որ մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ անվճար հաճախելու հնարավորություն ունի, իսկ մարզերում բնակվող մեկ տասնյակից ավելի մասնագետ՝ տեղում սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն:
2017-ի օգոստոսի 20-ին Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքում ազդարավեց մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱրԱր» ծրագրի մեկնարկը: Ծրագրի բուն առաքելությունը ժողարվեստների «վերակենդանացմամբ» երկրի սահմանն անառիկ դարձնելն է:
«Դուրս գալ մշակութային անցուդարձով հագեցած Երևանից և մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով»,-«ԱրԱր»-ի նպատակն այսպես է ձևակերպում ծրագրի պատասխանատու, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը:
«Մարզերում մշակութային կյանքի ակտիվացման խնդիրն այսօր չափազանց կարևոր է: Ընդ որում, մարզերի մեր հայրենակիցները պետք է լինեն ոչ միայն այդ մշակույթի ունկնդիրը, այլև կրողը: Մենք մեր տեսակը արմատին վերադարձնելու խնդիր ենք փորձում լուծել նաև, և ամենակարևորը՝ այդ խնդիրը փորձում ենք լուծել հենց տեղի ուժերով»:
«ԱրԱր» ծրագիրն արդեն 300 շահառու ունի: Դա նշանակում է, որ մարզերում ապրող 300 երեխա ժողարվեստի տարբեր խմբակներ /ազգային երգ ու պար, ժանյակագործություն, խաչքարագործություն, նկարչություն և այլն/ անվճար հաճախելու հնարավորություն ունի:
«Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող մեկ տասնյակից ավելի մասնագետ ունենք այս պահին, որոնք պետական ֆինանսավորմամբ, գործունեություն են իրականացնում տարբեր համայնքներում: Մեկ մասնագետը երբեմն մոտակա մի քանի համայնքում է աշխատում»,-ասում է «ԱրԱր» ծրագրի համակարգող Գայանե Ասլանյանը:
Տեղական մասնագետների ներուժն օգտագործելով նախարարությունը մարզերից և ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքը կանխելու խնդիր է փորձում լուծել նաև: Միաժամանակ, ծրագիրը նպաստում է համայնքներում մշակութային ենթակառուցվածքների «վերակենդանացմանը»:
Արսեն Գրիգորյանն ասում է, որ մարզերում տեղական իշխանության մարմինները մեծ ոգևորությամբ են ընդունում ծրագիրը, փորձում են օգտակար լինել՝ ինչով կարող են: «ԱրԱր»-ի հիմքում մեկ կարևոր նախապայման էլ կա՝ «Փոքր միջոցներով, մեծ արդյունք»:
«Սա անձամբ նախարար Ամիրյանի սկզբունքն է»,-ասում է Գրիգորյանն ու հավելում՝ դա հնարավոր է և հենց այդպես պետք է լինի:
«Մեզանում ընդունված է, երբ որևէ մեկը վատ է պահում իր մեքենան, ասում են՝ հո պետական չի: Ես կարծում եմ, որ պետք է հակառակը լինի, և բոլորս պետք է շատ սրտացավ լինենք պետական միջոցների հանդեպ, որովհետև դրանք մեր երեխաների, ծնորղների, ի վերջո՝ բոլորիս միջոցներն են: Պետք է ազնիվ լինել»:
Ազնիվ, շիտակ, խղճով, մասնագիտական պարտքի զգացումով աշխատելու դեպքում, իսկապես հնարավոր է կյանքի կոչել՝ «Փոքր միջոցներով, մեծ արդյունք» կարգախոսը»,-համոզված է Գրիգորյանը: