ԿարևորՀասարակություն

«Խաղաղության քաղաքը»՝ քաղաքականության գործիք․ Գարեգին Բեկչյանը՝ Երուսաղեմի ճգնաժամի մասին

Կ.Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետևանքով սկսված ճգնաժամի վերաբերյալ ուղերձով: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը:

Աղբյուրի համաձայն` Կ.Պոլսո հայոց պատրիարքի տեղապահն ուղերձում մասնավորապես նշել է.

«Մեծ վշտով և անհանգստությամբ ենք հետևում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելուց հետո սկսված համաշխարհային լարվածությանը և Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի հասցված վնասին: Ինչպես իր անունն է ստուգաբանվում` «Խաղաղության քաղաք» հանդիսացող Երուշալիմում, որը սուրբ է համարվում հուդդայականության, քրիստոնեության և իսլամի կողմից, ներկայում ցավալիորեն բախումներ են տեղի ունենում:

Իսկ այն փաստը, որ կրոնական առումով համայն աշխարհի և մարդկության ժառանգությունը եղող Երուսաղեմ քաղաքը նման ձևով գործիք է դարձել քաղաքականության համար, ավելի շատ է անհանգստացնում և վիշտ պատճառում մեզ` որպես ընդհանրապես քրիստոնյաների և հատկապես Հայ առաքելական եկեղեցու հետևորդների: Համոզված ենք, որ բոլոր կողմերն էլ պետք է համատեղ կերպով ջանքեր գործադրեն` միաստվածություն դավանող կրոնների ընդհանուր սրբավայր հանդիսացող Երուսաղեմի այդ հատկանիշին վնաս չհասցնելու համար:

Այս օրերին, երբ միջազգային խաղաղությունն է՛լ ավելի մեծ վտանգի տակ է գտնվում, մաղթում ենք, որ կողմերը սառնասրտությամբ և հավասարակշռությամբ գործեն` լարվածությունը թուլացնելու և արդեն իսկ առկա խնդիրները ավելի մեծ ընդհարումների չվերածելու համար:

Ամենակարող Բարձյալին աղոթում ենք, որ այս տարաձայնության մեջ ընդգրկված բոլոր կողմերի առաջնորդներին իմաստնություն, փոխադարձ հանդուրժողականություն և փոխըմբռնում շնորհի, որպեսզի նրանք ձգտեն մնայուն խաղաղության հաստատել:

Ի սրտե մասնակցում ենք աշխարհի և, մասնավորապես, Մերձավոր Արևելքի և մեր երկրի (նկատի ունի Թուրքիան-Ակունքի խմբ.) խաղաղության համար արվող բոլոր աղոթքներին և Ամենակարող Բարձյալից խնդրում, որ սրտերը երկնային սիրով լցնի` ատելության և բարկության փոխարեն»:

Թարգմանեց Մելինե Անումյանը

Back to top button