Քաղաքական

Թուրքիան փորձում է արդարանալ. Անկարային արձագանքը՝ Երեւանի արձագանքին

ՀՀ նախագահի սահմանած վերջնաժամկետը սպառվում է, Թուրքիայի խուճպը՝ մեծանում: Անկարան հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման վտանգը նախապես փորձում է բարդել Երևանի վրա:

Ինչպես են արձագանքում Թուրքաիայի ԱԳՆ-ի մեղադրանքին ու ղարաբաղյան խնդիրը նախապայման դարձնելու գործելաոճի ՀՀ ԱԺի խմբակցությունները:

Հայաստանը 2018-ի գարունը կդիմավորի առանց այդ հայ- թուրքական արձանագրությունների՝ Աթենքում երկու օր առաջ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Անկարայի արձագանքը չուշացավ։ Այս փաստը Թուրքիան ցավագին է ընդունում։ Բայց ամեն ինչ՝ հերթականությամբ։

2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն առ այսօր վավերացված չեն և 8 տարի որևէ տեղաշարժ Թուրքիայի կողմից չտեսնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ- ի բարձր ամբիոնից հայտարարեց, որ  եկել է լրացուցիչ պարզաբանման ժամանակը։ Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար՝ ասել էր:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Մինչ գարուն մտածելու քիչ ժամանակ է մնացել: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Աթենք այցի ընթացքում հայտարարեց, թե Թուրքիան առ այսօր ոչինչ չի արել հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու ուղղությամբ, ավելին՝ անհիմն նախապայմաններ է առաջ քաշել, ուստի Հայաստանը 2018-ի գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների։ Անկարային հիշեցումը ցավագին է ընդունվեց, այս երկրի արտգործնախարարության արձագանքը չուշացավ։


Թուրքիայի ԱԳՆ-ն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Թուրքիան հավատարիմ է արձանագրություններում առկա պարտավորություններին՝ նշված է հայտարարության մեջ։ Միաժամանակ Անկարան կրկին արձանագրությունների իրականացումը կապեց ղարաբաղյան խնդրի լուծման հետ։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը արձանագրությունների վավերացման գործում առաջընթացի բացակայությունը հայկական կողմի վրա բարդելը տիպիկ թուրքական գործելաոճ բնորոշեց և հստակեցրեց, որ Հայաստանին անարդյունավետ քայլեր պետք չեն և որ ամենակարևորն է՝ արցախյան խնդրի մասին արձանագրություններում որևէ տող չկա:

ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով՝ ՀՀ-ը վաղուց պետք է առ ոչինչ համարեր արձանագրությունները, սակայն այսօր արդեն հասկանալով, որ պաշտոնական Երևանը չեղարկելու է փաստաթղթերը՝ Անկարան շտապել է մեղքը բարդել Հայաստանի վրա:

Անկարան, իհարկե, մինչև գարուն որևէ քայլ չի անի՝ համոզված է Մանոյանը:

ԱԺ «Ծառուկյան» դաշինքից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: Դաշինքի  մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ում և վերապահված է լրատվամիջոցներին պարզաբանումներ տալու գործը, շատ զբաղված էր և համաձայնեց խոսել միայն այսօր երեկոյան կամ վաղը:

Ավելացնեմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ վերջին հայտարարությունը, ասաց, որ

Հայաստանի դիրքորոշումը հայթուրքական հարաբերությունների վերաբերյալ պարզ է, վերջին անգամ այն արտահայտվել է երկու օր առաջ Աթենքում, Հայաստանի արտգործնախարար Էդուարդ  Նալբանդյանի կողմից  Հունաստանի արտգործնախարարությունում ունեցած  ելույթում։ Իմիջիայլոց հիշեցնեմ, որ ՀՀ արտգործնախարարը 2010  թվականի հոկտեմբերին  խմբագրական հոդված էր գրել The Wall Street Journal պարբերականում, որտեղ  մանրամասն անդրադարձել էր, թե ինչու արձանագրությունները չեն վավերացվում: Այդ հոդվածը դեռևս մնում է ուժի մեջ, մեր դիրքորոշումը հիմնովին այնտեղ ներկայացված է:

16 օրից արդեն 2018-ին կդիմավորենք։ Այնպես որ հաջորդ տարվա գարունն այնքան էլ տեռում չէ։ Անկարայի մտավախություններն անհիմն չեն և միջազգային հանրության առաջ Թուրքիան թերևս արդարանալու հարցը նաև պետք է լուծի:

Back to top button