Հասարակություն

Հաշվի կառնվեն հրդեհներից քաղած դասերը

Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի համար: Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ՌԴ փրկարարական խմբի՝ Հայաստան ժամանելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով ԱԻՆ-ին 4 մլն դրամ կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, իսկ 51 մլն դրամ էլ կառավարությունը պահուստային ֆոնդից կհատկացնի պաշտպանության նախարարությանը՝ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած «ԻԼ-76» ինքնաթիռի շահագործման համար տրամադրված վառելանյութի պաշարների վերականգնման նպատակով:

Խոսրովի արգելոցի հրդեհի պատճառով բուսական եւ կենդանական աշխարհի կրած վնասների վերջնական գնահատականը Բնապահպանության նախարարությունը կկարողանա տալ միայն գարնանը: Մի բան հստակ է՝ նախարարությունն այդ ուղղությամբ լրացուցիչ ծախսերի կարիք չունի:

 

Խոսրովի անտառ պետական արգելոցի վնասների վերականգնման համար Բնապահպանության նախարարությունը լրացուցիչ ֆինանսների կարիք չի ունենա, քանի որ արգելոցի ռեժիմով պահվող տարածքներում մարդու միջամտություն չի թույլատրվում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Արամ Աղասյանի փոխանցմամբ՝ այս պահին մշակվում է Խոսրովի արգելոցի կառավարման պլանը, որում առանձին բաժին է նվիրված հակահրդեհային միջոցառումներին, որտեղ հաշվի են առնվել նաեւ այս տարվա հրդեհներից քաղած դասերը:

Անդրադառնալով Խոսրովի արգելոցում այս տարվա հրդեհների հետեւանքով հասցված վնասների գնահատման խնդրին՝ Արամ Աղասյանը շեշտեց, որ վերջնական գնահատական հնարավոր է տալ  միայն գարնանը:

Խոսրովի արգելոցում 2000 հա այրված տարածքի միայն 100 հա է մեծ վնաս կրել: Այդ տարածքում գտնվող հիմնական դժվար վերականգնվող ծառատեսակը գիհին է: Այդուհանդերձ, ըստ մասնագետի, միայն գարնանը հնարավոր կլինի վերջնական գնահատական տալ վնասների մասին:

ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի մասնագիտական խումբը նախնական ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ Խոսրովի անտառում վնասված էկոհամակարգերն ունակ են ինքնավերականգնվելու, խնդրահարույց է միայն գիհի ծառատեսակը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն  Ժիրայր Վարդանյան՝ նշելով, որ այս պահին բոլոր գնահատականները դեռ նախնական են, քանի որ տարբեր հատվածներում հրդեհվածության աստիճանը տարբեր է, կրած կորուստը՝ նույնպես։

Արամ Աղասյանն այսօր մեզ տեղեկացրեց նաեւ, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետների հետ այցելել է Խոսրովի արգելոց: Ամերիկացի մասնագետներն օգնության կարգով նույնպես աջակցում են վնասների գնահատման հարցում: Նա չբացառեց, որ ամերիկացի մասնագետների կողմից որպես օգնություն նաեւ որոշակի սարքավորումներ տրամադրվեն արգելոցին:

Back to top button