Հասարակություն

Պոլսի Պատրիարքարանում քաոս է


Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության շուրջ անորոշությունը շարունակվում է։

Նախօրեին 85-րդ պատրիարքին ընտրելու համար Ազգային պատգամավորական ժողով պետք է գումարվեր, որի անցկացումը նախանշվել էր դեռ օգոստոսի 17-ին:

Ավելին, ընտրական գործընթացը պետք է մեկնարկեր նախորդ շաբաթ։ Չսկսած, բայց ավարտված ընտրական գործընթացի ինչունների պատասխանները «Ռադիոլուրն» է ներկայացնում:

Պոլսահայերը շուրջ 10-ը տարի է տարբեր պատճառներով չեն կարողանում պատրիարք՝ հովվապետ ընտրել: Պատճառները, ըստ Պոլսից ստացվող տեղեկությունների, տարբեր են, բայց փորձելով խմբավորված ներկայացնել հիմնականները՝ դրանք ուղիղ առնչություն ունեն ներհամայնքային անհամաձայնությունների, ինչպես նաեւ թուրքական իշխանությունների՝ հարցը ձգձգելու հետ: Մենք փորձեցինք կապ հաստատել «Ակոս»  պարբերականի հայկական բաժնի պատասխանատու Բագրատ Էստուկյանի հետ, բայց չհաջողվեց։ Երեկ թերթն իր առցանց տարբերակում հայտնել էր, որ խնդրի լուծման գործում հայ համայնքը սպասում է պետական մարմինների արտոնությանը։

Ըստ «Ակոսի»՝ նահանգապետարան ուղղված նամակները մնում են անպատասխան։ Հայտնի է միայն, որ պատկան մարմինը վերապահումներ ունի կազմակերպչական մարմնի անդամների եւ տեղապահ Գարեգին սրբազան Բեկչյանի նկատմամբ։ Այժմ հարցը բարձրացվում է խորհրդարանում: «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը իրավիճակը փակուղային է գնահատում՝ մեղադրելով նրանց, որոնց չիմացության շնորհիվ համայնքի հովվապետ ունենալու ցանկությունը դարձել է անիրագործելի:

«Անգլուխ, խայտառակ իրավիճակ: Այսպիսի հոռետեսություն առաջացնող 10 տարվա ճգնաժամի ընթացքում, երբեք, չի եղել: Այսօր ժողովուրդը հետզհետե կարոտում է այն վիճակը, երբ Պատրիքարքարանին մեղադրում էին անգործության մեջ, այլ ոչ թե խոստումը՝ չկատարելու: Երկու վատից մեկը ընտրելու վիճակում ենք հայտնվել: 550 տարվա ընթացքում, երբ Պատրիարքարանը իր զինանշանով, ստորագրությամբ հրապարակածը դրժում է, բոլորովին արտառոց վիճակ է»:

Հայազգի պատգամավոր Կարո Փալյանը ստեղծված իրավիճակում մեղադրում է թուրքական իշխանություններին: Փաստացի, երկու օր առաջ պատգամավորը 5 կետից բաղկացած հարց էր բարձրացրել՝ փոր-ելով պարզել, թե պետությունը երբ է վերջ դնելու Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը խոչընդոտելուն: Ո՞վ է մեղավոր. հարցին «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը պատասխանում է.

«Պոլսո Պատրիարքական աթոռի ղեկը առգրված է մի խումբ անձանց կողմից, որոնք աթոռի այժմեկան կարիքները դիմագրավելու ձեւը չունի, պատկերացումներ եւ ծրագիր չունի: Այս պահին բոլորը զբաղված են ժողովորդի աչքին թոզ փչելով, իրենց արդարացնելով: Ցավով եմ ասում, որ Պատրիարքարանի գործող ղեկավարությունը ի վիճակի չէ, նոր պատրիարքի ընտրությունը կազմակերպել»:  

Իսկ ահա ի՞նչ անել հարցին պատասխանը Գոչունյանը չի գտնում։ Ցավով արձանագրում է՝ շուրջ 550 տարվա հաստատությունը չի կարողանում կատարել հանրությանը տված խոստումը, դրժում է իր ստորագրությամբ խոստացածը, եւ հարկ չի համարում  պարզաբանում ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին: Այսօր անհերքելի  եւ անշրջադարձելի իրողության առջեւ ենք կանգնած, պատրիարքարանում քաոս եւ անիշխանություն է՝ ասում է Գոչունյանը:

Back to top button